«Հայաստան» դաշինքի շտաբի պետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարծում է, որ իր դեմ նոր քրգործ են հարուցել, որպեսզի ինչ–որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իր գործունեությունը դաշինքում։
ՀՔԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արմեն Գևորգյանը։
«Երկու օր առաջ ՀՔԾ ներկայանալու ծանուցագիր եմ ստացել. հարցն այն է, որ դեռևս անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրգործ էր հարուցել և նշվում էր, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, այսինքն` «լվացմամբ» եմ զբաղվել։ Սակայն այն ժամանակ մեղադրանք չառաջադրվեց ինձ, քանի որ հասկացել էին`դա աբսուրդի ժանրից է եղել: Դրանից հետո այդ բոլոր գույքերի վրա կալանք էին դրել»,–ասաց Ա. Գևորգյանը։
Նրա խոսքով` իր պաշտպանները դիմել էին դատարան, որպեսզի գույքը հանվի կալանքից, և այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշմամբ բեկանվել է դատարանի որոշումը։
Գևորգյանը կարծում է, որ այժմ որոշել են իրեն մեղադրանք առաջադրել, որ հավանաբար այդ գույքերի վրա դրված կալանքը հիմնավորված լինի: Նա նշեց` հրաժարվել է որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ։
«Ինձ համար մեղադրանքը հասկանալի չէ այն պարզ պատճառով, որ ես մեղադրանքին չեմ ծանոթացել և չեմ ծանոթանալու: Ինձ չի հետաքրքրում այդ ամենը, դա մակուլատուրա է»,-ասաց նախկին փոխվարչապետը` հավելելով, որ արդեն իսկ ունի խափանման միջոց մեկ այլ քրգործով։
Գևորգյանը նշեց` դատարանում քննվող գործով ինքն ազատության մեջ է ստորագրության դիմաց, այսինքն` չի կարող բացակայել քաղաքից: