Ինչ սպասել ՀԱՊԿ-ից. արձագանքում են քաղաքագետներն ու փորձագետները
copy image url

Ինչ սպասել ՀԱՊԿ-ից. արձագանքում են քաղաքագետներն ու փորձագետները

Խոսք 3 տարի առաջ - 15:40 19-05-2021

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի առիթով ՀՀ դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, որից հետո ՀԱՊԿ-ն արձագանքեց՝ նշելով, որ ուշադիր հետևում է երկու պետությունների սահմանային իրադարձություններին:

Հայկական քաղաքական դաշտում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հակասական տեսակետներ են շրջանառվում: Մասնավորապես Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Սյունիքում տեղի ունեցողն անշուշտ, ցույց տվեց, որ պատերազմից կես տարի անց էլ Հայաստանի անվտանգության համակարգը շարունակում է մնալ անմխիթար վիճակում, սակայն ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի նման ագրեսիվ գործողությունները և արդեն օրեր շարունակվող Մոսկվայի փաստացի անգործությունը կարող են վկայել, որ Բաքուն ստացել է Կրեմլի հավանությունը:

Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` երբ ասում են, թե դիմում ենք ՀԱՊԿ-ին, իրականում նկատի ունեն Ռուսաստանը, քանզի դաշինքում փաստացի գործում են միայն երկկողմանի հարաբերությունները՝ Մոսկվայի և կազմակերպության անդամ մյուս պետությունների միջև: Քաղաքագետը պնդում է, որ Ռուսաստանի համար մեկ է, թե ում է պատկանում Սև լիճը, թե ով է վերահսկում այս կամ այն բարձունքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի սահմանին։ Ռուսաստանը մեկ համընդհանուր խնդիր ունի՝ հնարավորինս բացառել մեծ պատերազմը և ապահովել իր ներկայությունը տարածաշրջանում։ Ըստ Իսկանդարյանի` անգամ եթե Սև լճի կամ Սիսիանի ու Վարդենիսի ուղղությամբ խնդիրներն այս անգամ կարգավորվեն, միևնույն է՝ ադրբեջանցիները չեն անհետանալու, և դժվար է պատկերացնել, որ ամեն անգամ Հայաստանի փոխարեն ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը կլուծեն նմանատիպ խնդիրները։

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովն էլ նշում է, որ ՀԱՊԿ-ում երկրներ կան, որ չեն ցանկանա ակտիվ ռազմական միջամտություն ունենալ: Ըստ Հարությունովի՝ ՀԱՊԿ-ին դիմելու հոդվածը հարցի էությունը չի փոխում, քանի որ սա քաղաքական որոշման խնդիր է:

Քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը վստահ է, որ ՀԱՊԿ-ին դիմել ամեն դեպքում պետք էր, որովհետև փաստ է, որ Հայաստանի տարածքում են հայտնվել Ադրբեջանի զինվորականները, թեև Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում նշված է, որ եթե սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա չեն եղել, ապա ինչով կարող է Հայաստանը պնդել, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել: Սա, իհարկե, Ադրբեջանին բնորոշ խաղ է, ինչը հայկական կողմի համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: ՀԱՊԿ-ին մենք դիմել ենք 2-րդ հոդվածով, ոչ թե 4-րդ:

Մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ հիշեցնում է 2015 թվականի դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի մոսկվայան ելույթը, երբ վերջինս ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ բաց տեքստով նախատեց մյուս երկրների ղեկավարներին, որ այնքան անտարբեր են, նույնիսկ հեռախոսով չեն փորձում տեղեկանալ իրավիճակի մասի, թե ինչ է կատարվում դաշնակից երկրի անվտանգության հետ: Դրանից հետո ՀԱՊԿ վարքագիծը չփոխվեց, կառույցի վարքագիծը չփոխվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմ, որի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունները ավելի դաշնակցային էին Ադրբեջանի, քան Հայաստանի հանդեպ: Մեկնաբանը կարծում է, որ չպետք է պատրանք ունենալ, որ ՀԱՊԿ-ին դիմելով ինչ-որ բան կփոխվի, գուցե հակառակ էֆֆեկտ լինի՝ կարող է ձևավորվել լարվածության մի նոր ուղղություն Հայաստանի համար, թե իբր Հայաստանն է լարվածություն է ստեղծում ՀԱՊԿ միջավայրում:

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ Սյունիքում լարվածությունը դեռ պահպանվում է, հայկական կողմը հրապարակային արձանագրել է իր սուվերեն տարածքի փաստացի օկուպացիան և իր հնարավոր քայլերի լեգիտիմությունը։ Կա հաղորդագրություն հայկական ուժերի կուտակման մասին։ Ռուսական կողմի ներգրավմամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղիղ բանակցությունները ադրբեջանական կողմի հետ դեռ արդյունք չեն տվել։ Հաջորդ քայլով Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, որը գործնական քայլեր դեռ չի նախատեսում: Քաղաքագետը կարծում է, որ հնարավոր ռազմական սցենարը ևս չպետք է բացառել, սակայն տվյալ տարբերակի դեպքում ռիսկերը և խաղադրույքները շատ մեծ են։

Ֆրանսիահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի արձագանքը բավականին կոշտ էր. նա վստահեցնում է, որ ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել պետք չէ, որ Ռուսաստանի ձեռքում գտնվող այս կառույցը պարապ կազմակերպություն է, իսկ որևէ կառույց, որ Ռուսաստանը ստեղծել է, չի գործում՝ լինի ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն և այլն:

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ որոշակի հարցեր է առաջացնում Մոսկվայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի «վերակենդանացման» հարցում։ Այսպես, ձգտելով, մի կողմից, ընդդիմացող Բաքվին ներքաշել ԵԱՏՄ և ՀԱՊԿ՝ որպես հատուցում «տարածքային ամբողջականության վերականգնման» դիմաց, մյուս կողմից, Թուրքիայի հետ առճակատման ակնհայտ աճի ֆոնին Մոսկվան ձգտում է հավասարակշռել իրավիճակը տարածաշրջանում։ Այստեղ փորձագետը ավելորդ չի համարում նշել Անկարայի դերը գեներալ Ռուստամ Մուրադովի ՝ Բաքվից ձեռնունայն վերադառնալու գործում։ Ինչից հետո Անկարայի դերն արդեն Ուկրաինայի շուրջ իրավիճակում հանգեցրեց դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների ճանապարհը փակելու որոշմանը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով` հնարավոր է նաև, որ ադրբեջանական կողմը նման քայլերի դիմելով` ձգտում է առավելագույն չափով տարածքներ վերցնել իր վերահսկողության տակ։ Քաղաքագետը հիշեցրեց արցախյան պատերազմի օրերին ՌԴ նախագահի հայտարարությունը, որ իրենք պաշտպանում են զուտ Հայաստանի անվտանգությունն ու սահմանները, հետևաբար եթե ՀԱՊԿ–ն չկարողանա արձագանքել այս իրավիճակին, ապա դա կհարվածի կառույցի հեղինակությանը։

Ձեզ գուցե հետաքրքրի