ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում առցանց հարթակների հետ՝ աջակիցների հետ հաղորդակցվելու նոր հարթակ որոնելու համար, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ըստ աղբյուրների՝ պետության նախկին ղեկավարը ներկայումս քննարկում է պահպանողականների շրջանում լայնորեն տարածված CloutHub երիտասարդ սոցիալական ցանցը և FreeSpace հարթակը, որը Facebook-ի այլընտրանքային տարբերակն է:
Հաղորդվում է, որ Թրամփը մտադիր է սոցիալական ցանցերի մասին իր ծրագրերը հրապարակել մինչև հուլիսի 4-ը: Չի բացառվում, որ նրան պետք լինեն մի քանի գործընկեր հարթակներ՝ Facebook-ի, Twitter-ի և YouTube-ի գործառույթները համարժեքորեն փոխարինելու համար:
Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը շահագրգռված է՝ առցանց կայքերն իրեն վճարեն նոր օգտատերեր ներգրավելու համար, ընդ որում՝ նա կցանկանար գումարը նախապես ստանալ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախկին նախագահը «բացարձակ ամոթ» ու «նվաստացում» էր որակել սոցիալական ցանցերում իր էջերի արգելափակումը: Թրամփի Twitter-ի, Facebook-ի, YouTube-ի, Instagram-ի, Twitch-ի, Snapchat-ի օգտահաշիվներն արգելափակվել էին այս տարվա հունվարին՝ Կապիտոլիումի վրա նրա կողմնակիցների գրոհից հետո: