Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու սահմանների հետ կապված իրավիճակին, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով:
Ըստ հաղորդագրության՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ «ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»:
«Բնակիչներն անհանգստություններ են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը իրենց բնակավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանք նաև նշել են, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման ու ջրային պաշարների հասանելիությունը», - նշել է Արման Թաթոյանը: