Գելենջիկի մոտակայքում գտնվող համալիրի, որը հայտնի է որպես «Պուտինի պալատ», առաջին սեփականատերը Ռուսաստանի նախագահի մտերիմ և «Օզերա» կոոպերատիվի նախկին անդամ Նիկոլայ Շամալովն է եղել: Այնուամենայնիվ, նախագծում ներգրավված մարդիկ նրան անվանել են պաշտոնական սեփականատեր, և միլիարդավոր ռուբլի արժողությամբ համարյա ավարտված նստավայրի վաճառքի համար նա ստացել է ընդամենը 4.9 միլիոն:
Նման տեղեկատվություն պարունակում են նախագծի մի շարք ներքին փաստաթղթեր, որոնք հայտնվել են BBC ռուսական ծառայության տրամադրության տակ: Հետաքննության հեղինակների կարծիքով՝ փաստաթղթերը ցույց են տալիս «պետության հիմնական դերը շինարարության մեջ» և, ընդհանուր առմամբ, հաստատում են Ալեքսեյ Նավալնիի կողմից հունվարին հրապարակված հետաքննության շատ եզրակացություններ, ըստ որոնց՝ պալատը կառուցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
Առքուվաճառքի պայմանագրից երևում է, որ պալատի մյուս երկու տերերը եղել են Շամալովի վարորդն ու հաշվապահը: Նրանք երկուսը միասին ստացել են 5.1 միլիոն ռուբլի, բայց ծրագրի շրջանակում պալատի արժեքը խաղողի այգիների հետ միասին գնահատվել է ավելի քան 10 միլիարդ ռուբլի: