Ռուսական ուժերը սկսել են որոշակի հաջողություններ գրանցել Դոնբասում։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վերջին մի քանի օրվա ընթացքում նրանք գրավել են մի քանի ավան և գյուղ՝ ստիպելով ուկրաինացիներին նահանջել դեպի պաշտպանական դիրքեր։ Ռուսաստանը դրան հասնում է զուտ թվային գերազանցության շնորհիվ՝ ոչ միայն հետևակային, այլև հրետանու, տանկերի և ինքնաթիռների:
Այսօր առավոտյան Լուգանսկի նահանգապետը հարցազրույցում ասել է, որ ռուսական զորքերը, որոնց դիմակայում են Ուկրաինայի զինված ուժերը, շատ են։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով, տարածաշրջանում յուրաքանչյուր ուկրաինացի զինվորին բաժին է ընկնում յոթ ռուս:
Ըստ BBC-ի՝ Ռուսաստանի նպատակն այժմ Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքներն են։ Այնտեղ պետք է շատ ուկրաինական ուժեր լինեն՝ ամրացված ու պատրաստ երկար ճակատամարտի։ Սակայն հավանական է, որ նրանց շրջափակեն, ապա պարտության մատնեն թվային գերազանցությամբ։ Եթե դա տեղի ունենա, Ուկրաինան կարող է կորցնել իր լավագույն զորքերի մի մասը:
Սակայն, ինչպես կարծում է BBC-ն, ուկրաինացիների համար ամեն ինչ դեռ կորած չէ։ Նրանք ունեն հսկայական միջազգային ռազմական աջակցություն, որի մի մասն արդեն հասել է Ուկրաինայի ԶՈՒ, մյուս մասն էլ ճանապարհին է: Այս զինատեսակների մեծ մասը շատ ավելի կատարելագործված է, քան ներկայումս Դոնբասում օգտագործվողները:
Հարցն այն է, թե արդյոք Ուկրաինայի զորքերը ժամանակ կունենան ճիշտ կիրառելու այս տեխնոլոգիական գերազանցությունը, քանի դեռ ռուսական բանակը չի ճնշել նրանց։