Արցախի նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման նկատմամբ և մշակել զարգացման նոր ռազմավարություն:
Արցախի նախագահի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կմշակվի գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որի հիմքում կլինեն 35 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, տեղական գյուղարտադրանքով ներքին պահանջարկի բավարարումը և արտահանման հնարավորությունների ստեղծումը: