Նախատեսվում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարանի բացումը
copy image url

Նախատեսվում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարանի բացումը

Ներքին 3 տարի առաջ - 16:25 06-05-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ:

Հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով նախագահ Սարգսյանին:

Նախագահ Սարգսյանը հավանություն էր տվել տուն-թանգարանի գաղափարին և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրա իրականացմանը և այսօրվա համդիպման ընթացքում Կոմանդոսի ընտանիքի անդամների հետ քննարկել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքն ինչ-որ իմաստով Արկադի Տեր-Թադևոսյանի ապագա տուն-թանգարանի առաջին այցելուն է:

«Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Կոմանդոսի տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր:

Ամենից շատ դիտված