Արցախում մայիսից աշխատանքի կանցնեն Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի 17 մասնագետներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
«Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ Արցախում ներկայումս պատրաստվում են 25 սոցիալական աշխատողներ: Բացի այդ, հունիսից կմեկնարկի 50 սոցիալական աշխատողների ուսուցումը՝ գյուղերում աշխատելու համար»,- նշել է Մ. Անտոնյանը և հավելել, որ Ստեփանակերտում և շրջկենտրոններում կստեղծվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ:
Միրա Անտոնյանը կարևորել է նաև հետպատերազմական Արցախում ծառայության անհրաժեշտությունը՝ մարդկանց հոգեբանական վերականգնման և նախաձեռնողականության խթանման առումով:
«Սոցիալ-հոգեբանական ծառայությունները ներառում են առաջինը՝ տեղեկատվության տրամադրում, փոխանցում և աջակցություն բնակչությանը, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները: Երկրորդը՝ կոնսուլտացիոն հանդիպումներ, թերապևտիկ ու ադվոկատիվ աշխատանք»,- նշել է ասոցիացիայի ղեկավարը:
Սոցաշխատողների պատրաստմանը զուգահեռ Արցախի կառավարությունը նախատեսում է սկսել հաստիքների և ծառայությունների ստեղծման գործընթաց: Տարեվերջին Արցախի պետական համալսարանում մագիստրոսական ծրագրի է ստեղծվելու՝ մասնագետների պատրաստման գործընթացը շարունակական դարձնելու նպատակով: