Ճապոնացի բժիշկները ստիպված են լինելու նետել երկիր ներմուծված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մի մասը, որը ստեղծվել է Pfizer և BioNTech ընկերությունների կողմից, հատուկ ներարկիչների բացակայության պատճառով, հայտնել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն: Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: Սովորական ներարկիչները թույլ են տալիս դեղամիջոցի սրվակից հանել վեց ներարկումներից միայն հինգը, պարունակության մնացած մասը հանելու համար անհրաժեշտ են հատուկ ներարկիչներ:
«Սրվակներում մնացած դեղը պետք է դեն նետել»,- ասել է Կատոն: Նա պարզաբանել է, որ աշխարհում այդքան շատ չեն հատուկ ներարկիչները, ուստի դժվար է անհրաժեշտ քանակությամբ դրանք գնել: Ներկայումս Ճապոնիան բանակցություններ է վարում մի քանի արտադրողների հետ:
Նշված խնդրի պատճառով երկրի իշխանությունների պատվիրած պատվաստանյութի խմբաքանակով հնարավոր կլինի պատվաստել 60 միլիոն մարդու՝ ի սկզբանե նախատեսված 72 միլիոնի փոխարեն:
Փետրվարի 14-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հավանություն է տվել երկրում կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի օգտագործմանը: