Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրության համաձայն՝ համայնքային ենթակայության դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ երեկ այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո գրանցվել են որոշակի խնդիրներ: Շրջայցին մասնակցել է նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմյանը, վարչական շրջանների ղեկավարներ։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը հավաստիացրել է, որ դպրոցների ու մանկապարտեզների պատերն անվտանգ են. «Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի զարգացման տեսքով, որոշակի տեղերում ծեփերը թափվել են, իսկ կրող կոնստրուկցիաների վրա որևէ ազդեցություն չի թողել: Խորհուրդ ենք տվել մաքրել ծեփերը, ինչից հետո շահագործման համար միանշանակ անվտանգ կլինեն»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Քաղաքապետարանն արդեն սկսել է աշխատանքները, որի շրջանակներում արդեն իսկ հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս 6-ը կհիմնանորոգվի այս տարի: Իսկ էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, որից 2-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են։