Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում, հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են:
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները և ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում նաև անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում:
Հիշեցնենք, որ ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից և «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, ականանետեր և այլ չթույլատրվող զինատեսակներ: