ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը: Համապատասխան նախաձեռնությունը հնարային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։
Ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող սոցիալական փաթեթը ներառում է հանգստի ապահովում` Հայաստանում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը՝ այդպիսով, ըստ նախարարության, նպաստելով շահառուների առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը։
Հավելենք նաև, որ եթե նախագիծը արժանանա կառավարության հավանությանը, ապա այն կուղարկվի Ազգային ժողով։