Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «լուրեր» է անվանել ենթադրություններն այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է անպտղություն առաջացնել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՀԿ իմունիզացիայի վարչության ղեկավար Քեյթ Օ'Բրայենին:
Նրա խոսքերով, գոյություն չունի ոչ մի պատվաստանյութ, որն առաջացնում է անպտղություն:
Օ՛Բրայենը նաև հայտարարել է, որ COVID-19-ի պատվաստանյութերը չեն փոխում մարդու ԴՆԹ-ն, իսկ դեղամիջոցներում պարունակվող քիմիական նյութերն առողջությանը վնաս չեն հասցնում:
«Պատվաստանյութերը, որ մենք ունենք, անվնաս են»,- վստահեցրել է ԱՀԿ ներկայացուցիչը՝ նշելով, որ պատվաստուկի բոլոր բաղադրիչները «մանրակրկիտ թեստավորվում են»:
Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ ու ստացել Спутник V անվանումը: Ավելի ուշ Նովոսիբիրի «Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն: