ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ելույթի ժամանակ ասել է, որ 2020 թվականը հեշտ չէր ԵԱՏՄ 5 երկրից որևէ մեկի համար, սակայն համատեղ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել երկրների տնտեսությունների համար վատագույն սցենարից:
Միշուստինը խոսեց նաև միության ներսում ուղևորափոխադրումների անվտանգ պայմանների մասին, դրա համար, ինչպես արդեն ասվել է, փորձնական գործարկվել է «Ճամփորդում եմ առանց ՔՈՎԻԴ-19-ի» նախագիծը. փետրվարի 1-ից ԵԱՏՄ քաղաքացիները հնարավորություն ունեն սահմանն անցնել՝ ցույց տալով հատուկ հեռախոսային հավելվածում բացասական թեստի արդյունքը:
ՌԴ Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բջջային հավելվածի կիրառման արդյունքում մարդիկ կկարողանան ավելի արագ վերադառնալ բնականոն կյանքին, գնալ արտագնա աշխատանքի ու ճամփորդել: Կորոնավիրուսն ու նրա հետևանքները, օրինակ՝ շուկայի անկայունությունը, տնտեսական աճի դանդաղումը, Միշուստինի խոսքով, միակ մարտահրավերը չեն, որի առաջ կանգնած է Եվրասիական տնտեսական միությունը:
Նրա կարծիքով՝ այդ պայմաններում ԵԱՏՄ առաջնահերթությունը պետք է դառնա միության ներսում արդյունաբերության զարգացումը և պետական ծրագրերի ներդրումը ներմուծումների ոլորտում, որը պետք է անել ազգային մակարդակով:
Միշուստինը հիշեցրել է, որ հենց այդ առաջարկն է դեկտեմբերին հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: