Փետրվարի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցություն հարցերով պատասխանատու Իզաբելլա Էրիքսոնին:
Նախարար Արշակյանը ողջունել է դեսպան Սվենսոնին և հաջողություն մաղթել նորանշանակ դեսպանին՝ իր առաքելության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Շվեդիայի Թագավորության հումանիտար աջակցությունը Հայաստանին՝ պատերազմից հետո:
Նախարարը կարևորել է հատկապես 2019 թվականի նոյեմբերին Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինի մասնակցությամբ:
Նախարարը դեսպանին առաջարկել է շվեդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մասնաճյուղեր բացելու գաղափարի, ինչպես նաև Ստոկհոլմում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հնարավորությունների ու նաև այլ հաջողված տեխնոլոգիական կրթական ծրագրերն այնտեղ տեղայնացնելու վրա: