Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութը գրանցելու մասին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ «Спутник V» պատվաստանյութը երեկ գրանցվել է Իրանում: Այն հաստատվել է մեր սանիտարական մարմինների կողմից»,- ասել է նա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Զարիֆը հավելել է, որ Թեհրանը նախատեսում է առաջիկայում ձեռք բերել պատվաստանյութը, ինչպես նաև համատեղ արտադրություն սկսել Ռուսաստանի հետ:
«Спутник V» պատվաստանյութը արդեն գրանցվել է Ռուսաստանում, Բելառուսում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Պաղեստինում, Վենեսուելայում և այլ երկրներում: Ավելի վաղ «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը հայտարարել էր, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատվաստանյութը կգրանցվի ավելի քան 25 երկրներում։
Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է COVID-19-ի պատվաստանյութ: Դեղը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից` «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի հետ համատեղ: Այն ստացել է «Спутник V» անվանումը: