Թեհրանը ողջունում է տարածաշրջանային վեցակողմ համագործակցության նախաձեռնությունը, Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Նա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը բնութագրել է իբրև «երկու երկրների միջև համագործակցության հիանալի հնարավորություն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների տարանցման և աշխուժացման ոլորտում»:
Տարածաշրջանային շրջագայության շրջանակում Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Մոսկվայում հանդիպելու է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ապա այցելելու է Թբիլիսի, Երևան և Անկարա:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «փոխշահավետ համագործակցության զարգացումը և Իրանի ու Ռուսաստանի զգալի ներուժի միավորումը կարող են ոչ միայն բարենպաստ ազդեցություն ունենալ երկու երկրների դիրքի վրա, այլև բարելավել իրավիճակն Անդրկովկասում, Մերձավոր և Միջին Արևելքում, լրացուցիչ պայմաններ ստեղծել այնտեղ կայունության և խաղաղության ապահովման համար»: