Համավարակով պայմանավորված՝ մինչև հունվարի 28-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը կանցկացվի հիբրիդային տարբերակով: Պատվիրակների մի մասը հեռավար է մասնակցում, մյուսները՝ ժամանել են Ստրասբուրգ: Ֆրանսիայի արևելքում է նաև Հայաստանի պատվիրակությունը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել, պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ վերադարձնելու պահանջով։
Հայկական պատվիրակությունը հրատապ հարցերի շրջանակում առաջարկել էր ներառել նաև Ադրբեջանի իշխանության կողմից հայ գերիների հայրենիք վերադարձի անհիմն ձգձգումը` որպես մարդու իրավունքների եվրոպական միջազգային նորմերի խախտում: Առաջարկը, սակայն, մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից:
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ագրեսիա է իրականացվել Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը վերածվել է 44-օրյա պատերազմի՝ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց՝ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել հայ գերիներին, և այդ հարցն այժմ ամենակարևորն է: