«Կարծում եմ, որ ներկայացուցչության դիմաց կազմակերպված, այսպես ասած՝ բողոքի ցույցը համընդհանուր հակաարցախյան քարոզարշավի մի մաս է։ Եթե նրանք ունեն որոշակի խնդիրներ և բողոքում են թալանից և այլնից, ապա նախ՝ տեղյակ չեն արդյոք, որ քննչական է դիմվել և՛ Արցախի նախագահի կողմից, և՛ խորհրդի կողմից, որ այդ՝ իրենց նշված թալանի, հանցագործության մասին հաղորդումով զբաղվեն։ Երկրորդը՝ որտե՞ղ էին նրանք 1,5 տարի, ինչո՞ւ են ներկայացուցչության դիմաց ցույց կազմակերպում այն ժամանակ, երբ դրված էր վտարանդի իշխանությունների գործունեության խնդիրը, հիմա, երբ արցախցիների իրավունքներով զբաղվող խորհուրդը ակտիվ հավաքների փուլում է, և դրված է խորհրդարանի գործունեությունը սահմանադրական փոփոխությունների միջոցով երկարաձգելու խնդիրը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանն, անդրադառնալով Արցախի ներկայացուցչության դիմաց անցկացված ակցիային։
Նշենք, որ արցախցիները հավաքվել էին Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ հարցերին։
Նարե Սիմոնյանի գնահատմամբ՝ հատկանշական է նաև, թե ովքեր են եղել ցույց անողները․ «Դրանք այն մարդիկ են, ովքեր ացախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խորհրդի հայտարարություններից հետո անընդհատ դաշտ էին նետում կոչեր, թե պետք չէ ՀՀ իշխանություններից ոչինչ պահանջել, որ միայն սոցիալական պետք է լինի պահանջը, որ ոչ մի քաղաքական պահանջ չպետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի համար չպետք է պատասխանատու լինի, պետք է պահանջել Արցախի ղեկավարներից և այլն»,- ասաց նա, հավելելով, որ այդ մարդկանց մեծ մասն ունեն տասնայկ միլիոններ։
«Այդ մարդիկ իրենք ունեն տասնյակ միլիոնավոր միջոցներ՝ վերցրած Արցախի ներդրումային հիմնադրամից, պետական միջոցներից, որոնք չեն վերադարձրել։ Եթե իրոք հետաքրքրված են թալանի արդար վերադարձով և բողոքում են դրա դեմ, ապա առաջինը իրենք պետք է օրինակ ծառայեն, վերադարձնելով Արցախի Հանրապետությունից վերցված միջոցները, որպեսզի այդ միջոցներն ավելի կարիքավորներին տրամադրվեն»,- եզրափակեց նա։