Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 8-ի միջազգային կարևոր լուրերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Թրամփը բարձր է գնահատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը:
«Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ՝ մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է սիրում։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ «Նա շատ ուժեղ ու խելացի մարդ է»։
Թրամփի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում իրականացրել է այն, ինչ մյուսներից ոչ ոք չի կարողացել։
«Պետք է արժանին մատուցել»,- եզրափակել է ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը։
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ վստահեցնելով, որ Մոսկվան և Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի»,- հավելել է պաշտոնյան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը նոր հանդիպում են նախապատրաստում երկկողմ հարաբերություններում խնդիրները վերացնելու և շփումները կարգավորելու համար։
«Արդեն հանդիպում է եղել Ստամբուլում, և այժմ պատրաստվում է երկրորդը»,- հայտնել էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում: