Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագյուղը փոքր բնակավայր է: Բնակչության թիվը 2000-ականներից հետո չի անցել 400-ը, հիմա այդ թիվն էլ՝ կիսով չափ նվազել է: Գյուղից երիտասարդ ընտանիքները հեռանում են, տղաները չեն ամուսնանում: Գյուղի տասնյակ տղաների ամուսնության հարցն այստեղ ամենակարեւորն են համարում: Ձորագյուղում ապագա չտեսնելով երիտասարդները գնում են, իսկ Ձորագյուղն ու մյուս գյուղերը դատարկվում են՝ դառնալով ծերերի բնակատեղի՝ դատարկ ու ամայի:
Հարսանիքի ձայնի կարոտ են գյուղի մեծահասակները, որոնք ցավով են ճանապարհում գյուղից հեռացող հերթական ջահել ընտանիքին ու վախենում,որ շուտով գյուղի դպրոցն էլ կփակվի: Գյուղի բնակիչ պարոն Արբակը վստահ է ,որ իրենց ու Հայաստանի մյուս գյուղերից դեպի մայրաքաղաք հոսքը կպակասի,եթե տեղում լուծվեն խնդիրներ՝ ճանապարհի, տրանսպորտի, մանկապարտեզի … շարքը շատ է,սակայն ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու քաղաքականություն է տարվում,որն էլ կործանում է գյուղերը, համոզված է գյուղացին: