Վերջին շրջանում Իրանում զգայուն վերաբերմունք է նկատվում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հարցում։ Իրանական շրջանակներում մտահոգություն կա, որ հատկապես Հայաստանի Եվրատլանտյան ինտեգրումը կարող է բացասաբար ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում հակաիրանական քաղաքականություն է իրականացվում Ադրբեջանում, սակայն այնտեղ ներքաղաքական քննարկումներ են ընթանում՝ կապված այն հարցի հետ, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարվի Իրանի նկատմամբ։
Նմանատիպ քննարկումներ կան նաև ԱՄՆ-ում, որտեղ դեռ չեն որոշել՝ հարվածելու են Իրանի միջուկային օբյեկտներին, թե ոչ։ Իրանում ևս ներքաղաքական լուրջ գործընթացներ են։ Մասնավորապես, խոսվում է իշխանության փոփոխության հնարավորության մասին, ինչը, ըստ Դանիելյանի, այս պահին Իրանի հիմնական ուշադրության կենտրոնում է։ Այդ պատճառով Հայաստանը, որպես քաղաքական գործոն, դեռևս առաջնային տեղ չի զբաղեցնում Թեհրանի օրակարգում։
Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը դեպի Թուրքիա և ՆԱՏՕ չի վնասի հայ-իրանական հարաբերությունները, Դանիելյանը նշեց, որ որոշ վտանգներ, իհարկե, կան։ Սակայն Իրանի համար Հայաստանի տարածքը շատ ավելի կարևոր է, քան ներկայիս իշխանությունները, քանի որ դեռ պարզ չէ՝ արդյոք 2026 թվականին նույն իշխանությունը կմնա, թե ոչ։
Քաղաքագետը հավելեց, որ Հայաստանի իշխանություններն այս պահի քաղաքականություն վարող ուժեր են, այսինքն՝ երկարաժամկետ ռազմավարություն չունեն և առաջնորդվում են կարճաժամկետ շահերով։ Այդ պատճառով Իրանի համար Հայաստանի ներկա իշխանության վարած քաղաքականությունը որոշիչ գործոն չէ։
Այսպիսով, թեև Իրանում անհանգստություն կա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման վերաբերյալ, սակայն այս փուլում Թեհրանը կենտրոնացած է ներքին և տարածաշրջանային ավելի մեծ մարտահրավերների վրա։
Միևնույն ժամանակ, Իրանը, ըստ Դանիելյանի, Հայաստանի իշխանություններին չի դիտարկում որպես երկարաժամկետ գործոն, այլ առավելապես կարևորում է Հայաստանի տարածքային նշանակությունը՝ իր շահերի համատեքստում։