Ուկրաինան սկսել է ձևավորել ազգային թիմ, որը կզբաղվի 30-օրյա հնարավոր հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Գրում է 168.am-ը:
«Մենք արդեն հիմա փաստացի սկսել ենք ազգային թիմի ձևավորումը, որը կպատրաստի համապատասխան գործողությունների ալգորիթմներ՝ հնարավոր հրադադարի պատշաճ վերահսկման համար։ Դա չափազանց բարդ գործընթաց է»,- նրա խոսքերը մեջբերել է «ՌԲԿ-Ուկրաինան»։
Ուկրաինայի ԱԳ նախարարը հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի շրջանակում հրադադարի խախտումների հետ կապված անցյալի «բացասական փորձի» մասին, որը, ըստ նրա, թույլ է տվել Ռուսաստանը։
«Այժմ մեր բոլոր ջանքերը ուղղված կլինեն այն բանին, որպեսզի ուկրաինական կողմն առավել պատրաստ լինի՝ համապատասխան թիմերով, մշակված մեխանիզմներով և հստակ մոդելներով։ Խոսքը վերաբերում է Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու պայմանավորվածությունների և գործողությունների ծրագրի տեսլականին, ինչպես նաև անվտանգության երաշխիքների փաթեթի պարամետրերին ու ծավալին»,- հավելել է Սիբիհան։