Թուրքիան սիրիական խրամատում. Հայաստանի նոր հեռանկարները
copy image url

Թուրքիան սիրիական խրամատում. Հայաստանի նոր հեռանկարները

Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 20:24 07-03-2025
Սիրիայի Լաթաքիայում ընթացող բախումները տեղական ուժերի և կառավարության զորքերի միջև վկայում են, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։

Սիրիայի ազատագրման ռազմական խորհրդի ձևավորման մասին հայտարարությունը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ուժերը փորձում են միավորել ջանքերը՝ վարչակարգը տապալելու և երկրի կառավարման նոր մոդել ձևավորելու համար։

Նրանց հայտարարած նպատակները ընդգրկում են Սիրիայի ամբողջական ազատագրում օկուպանտներից և ահաբեկչական խմբավորումներից, վարչակարգի կազմաքանդում, պետական ինստիտուտների վերականգնում ազգային և ժողովրդավարական հիմքերի վրա, ինչպես նաև փախստականների վերադարձի նախապատրաստում։

Այս զարգացումները չեն կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի վրա։ Թուրքիայի համար Սիրիայում իրավիճակային լարվածության աճը նոր խնդիրներ է ստեղծում։

Անկարան երկար տարիներ ակտիվ ներգրավվածություն է ունեցել սիրիական հակամարտությունում՝ աջակցելով ընդդիմադիր խմբավորումներին, վերահսկելով որոշ տարածքներ և ձգտելով խոչընդոտել քրդական ինքնավարական ձգտումներին։ Ներկայիս լարվածությունը, եթե վերածվի ավելի լայնածավալ ռազմական գործողությունների, միգուցե ստիպի Թուրքիային հետքաշվել։

Բացի այդ, Թուրքիայի ուշադրությունը կրկին կենտրոնանում է Սիրիայի իրադարձությունների վրա, նրա քաղաքական ու ռազմական կարողությունները սահմանափակվում են։

Սա կարող է նվազեցնել նրա ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ Անկարան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Եթե Թուրքիայի ուշադրությունը շեղվի Սիրիայով, ապա նա չի կարողանա նույն ակտիվությամբ զբաղվել Հայաստանի դեմ քաղաքական կամ ռազմական դավեր նյութելով։

Սիրիայում պատերազմը նաև վնասում է Թուրքիայի տարածաշրջանային հեղինակությանը։

Այն համարվում է ուժեղ խաղացող Մերձավոր Արևելքում, սակայն իր հարևան երկրում անկայունության խորացումը վկայում է նրա քաղաքականության ձախողման մասին։

Անկարան ձգտում էր վերացնել այդ վարչակարգը դեռևս 2011 թվականից, բայց տարիներ անց այն դեռ մնում է իշխանության, իսկ հակամարտությունը վերաճում է։

Քնարիկ Սահակյան

Ամենից շատ դիտված