Սահմանադրական դատարանն առաջիկայում նոր դատավոր կունենա։ ՍԴ-ում դատավորի թափուր է տեղ է առաջացել, քանի որ Վահե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ 9 տարի ժամկետով։
Վահե Գրիգորյանը բարձր դատարանի դատավոր էր ընտրվել 2019-ի հունիսին՝ երկրորդ փորձից հետո։ Մեր ընթերցողները հիշում են, որ ԱԺ-ում դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանն ինքնահռչակվեց որպես ՍԴ նախագահ, որից հետո 1 տարի շարունակ աշխատանքի չներկայացավ, սակայն շարունակեց աշխատավարձ, պարգևավճարներ ու վառքելիքի ծախսի փոխհատուցում ստանալ՝ իր արարքը հիմնավորել այն իրողությամբ, թե, իբր ՍԴ-ն «լեգիտիմ չէ»։ Գրիգորյանն իր աշխատանքային պարտականությունները սկսեց կատարել միայն 2020-ի հունիսից հետո, երբ ՔՊ-ականները՝ այն ժամանակ դեռ իմքայլականները, պաշտոնանկ արեցին ՍԴ այն ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանին և 3 այլ դատավորների։
Գրիգորյանի «սուրբ տեղը» լրացնելու նպատակով ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանինն է, սակայն ակնհայտ է՝ նա որոշում է կայացնելու Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցելուց հետո, և իրականում հենց կառավարության ղեկավարն է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու։ Հենց այս իրողությամբ էլ պայմանավորված ՔՊ-ականներն այս օրերին թեկնածուի փնտրտուքների մեջ են, ու մեր տեղեկություններով իշխանականները լուրջ բարդությունների են բախվել, քանի որ մասնագիտական շրջանակներում հեղինակություն վայելող մասնագետներն առանձնապես ոգևորված չեն ՍԴ ներկայիս կազմի հետ աշխատելու հեռանկարով։
Չնայած մամուլում բարձր դատարանի դատավորի թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվում, այնուամենայնիվ ամենահավանական թեկնածուն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է։ Վերջինիս հենց ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանն է փորձում տանել ՍԴ, ով, մամուլի տեղեկություններով, արդեն իսկ դիմել է Նիկոլ Փաշինյանին և այժմ սպասում է վերջինիս արձագանքին։ Դիլանյանը վստահեցրել է, որ Վարդանյանը ոչ միայն իշխանության ներկայացուցիչ է, այլև ոլորտում աշխատանքի երկար փորձ ունի ու տիրապելում է ՍԴ-ում տեղի ունեցող անցուդարձին, քանի որ բարձր դատարանում՝ Գագիկ Հարությունյանի նախագահության տարիներին, տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
Ավելին՝ Արման Դիլանյանը ոչ միայն մտադիր է Վարդանյանին ԱԺ-ից տեղափոխել բարձր դատարան, այլև հենց վերջինիս է տեսնում որպես իրեն փոխարինող՝ ՍԴ նախագահի պաշտոնում։ 2026 թվականի սեպտեմբերին լրանում է Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը, ինչից հետո ՍԴ-ն պետք է իր կազմից նոր նախագահ ընտրի։ Այս իրողությունների ֆոնին Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը որպես ՍԴ դատավոր, այնուհետև՝ նախագահ, առավել իրատեսական է թվում, քանի որ դժվար թե դատարավորների ներկայիս կազմից ինչ-որ մեկին Նիկոլ Փաշինյանը վստահի իր համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ պաշտոնը։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձեն ցույց տալ, որ իշխանական համակարգը կուռ է և ներքին տարաձայնություններ չունի, այնուամենայնիվ հանրությունը լավ գիտի, որ ՔՊ-ի ներսում կան մի քանի թևեր՝ Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Անդրանիկ Քոչարյանի, Խաչատուր Սուքիասյանի և այլն, որոնք միմյանց նկատմամբ անհաշտ պայքար են մղում, երբեմն ավելի կատաղի, քան ընդդիմադիրների պարագայում։ Հայտնի է, որ Վլադիմիր Վարդանյանն Արարատ Միրզոյանի թևի ներկայացուցիչ է, ու եթե նա գործուղղվի ՍԴ և հետագայում արդեն դառնա բարձր դատարանի նախագահ, ապա այս իրողությունը ՔՊ-ի ներսում կամրապնդի Արարատ Միրզոյանի թևի կշիռը՝ դրանից բխող հետևանքներով։
Արարատ Միրզոյանի և Վլադիմիր Վարդանյանի ընկերությունն ավելի քան 2 տասնամյակի պատմություն ունի․ այն սկսվում է հեռավոր 2004 թվականից՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունից, որի անդամներն էին ինչպես նրանք, այնպես էլ ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը և այլոք։ Այս անձինք տարիներ շարունակ սատարել են միմյանց, ու այժմ եթե Վարդանյանն ընտրվի ՍԴ նախագահ, ապա հետագա քաղաքական իրադարձություններում վերջիններս կունենան շատ լուրջ հենարան՝ ի դեմս նրա։ Բացի այդ, Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը կասկածվում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից արժեքավոր գրքեր գողանալու մեջ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ նշելով՝ դեռևս 2021 թվականին՝ Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի հետ առնչությամբ ցուցմունք է տվել, որը, սակայն, մինչ օրս չի տեղափոխվել դատաքննության փուլ:
Այսպիսով՝ թեպետ Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավորի, հետագայում՝ նախագահի ամենահավանական թեկնածուն է, սակայն նրա ընտրությունը այդքան հարթ չի ընթանալու և առնվազն ներկուսակցական մակարդակում արժանանալու է լուրջ դիմադրության։ Իշխանական մյուս թևերի ներկայացուցիչների համար այնքան էլ հաճելի չէ, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ Արարատ Միրզոյանի թևի կշիռը մեծանա, ուստի վերջիններս ամեն կերպ կփորձեն խոչընդոտել Վարդանյանի ընտրությանը։
ՔՊ-ականներն արդեն սկսել են տարբեր խողովակներով Փաշինյանին հասցնել, թե կուսակցության ներսում չկա համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեցող մեկը, ով կկարողանա Վարդանյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել՝ ակնկալելով, որ այդկերպ կհաջողվի վիժեցնել նրա ընտրությունը։ Սակայն Արարատ Միզոյանի թևի ներկայացուցիչներն իրենց ձեռքերը ծալած նստած չեն և Փաշինյանին համոզում են, որ Վարդանյանը ՍԴ նախագահի լավագույն թեկնածուն է։ Վերջիններիս փաստարկները Փաշինյանին առավել համոզիչ թվացել, ուստի Վլադիմիր Վարդանյանի գործուղումը ՍԴ և Արարատ Միրզոյանի թևի ամրապնդումը կարծես թե անխուսափելի է դառնում։
Չենք բացառում, որ եթե Վլադիմիր Վարդանյանը ներկուսակցական ընտրության փուլը անցնի և առաջադրվի որպես ՍԴ դատավորի թեկնածու, ապա հանրությունը հերթական անգամ ականատես կլինի ներիշխանական գզվռտոցի, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը գուցե որոշ ՔՊ-ականների կխնդրի իրենց մանդատները վայր դնել ․․․
Դավիթ Գույումջյան