Լավրովի այցը Թուրքիա. թուրքական լրատվականը մանրամասներ է հայտնում
copy image url

Լավրովի այցը Թուրքիա. թուրքական լրատվականը մանրամասներ է հայտնում

Արտաքին 1 ամիս առաջ - 20:08 24-02-2025
Այսօր՝ փետրվարի 24-ին, ուկրաինա-ռուսական պատերազմի 3-րդ տարելիցի օրը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Թուրքիա:

Թուրքական Hürriyet լրատվականը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը ներկա էին նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի հաղորդակցության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և նախագահի արտաքին քաղաքականության ու անվտանգության խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Ըստ նույն աղբյուրի՝ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը՝ առևտուր, էներգետիկա և զբոսաշրջություն՝ ընդգծելով Ուկրաինայի պատերազմի դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։

Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիան։ Նախարար Ֆիդանի խոսքով՝ Սիրիայի ահաբեկչական տարրերից մաքրելու խնդիրն առաջնային է, և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը՝ կարևոր։ Խոսք է գնացել նաև Իսրայելի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող ագրեսիվ մոտեցման անընդունելիության մասին։

Սիրիայում իշխանափոխությունից առաջ Ռուսաստանն աջակցում էր Բաշար Ասադին։ Ներկայում ևս Մոսկվան ցանկանում է Սիրիայում նոր իշխանության հետ լավ հարաբերություններ հաստատել։ Լավրովը այդ հարցը ևս բարձրացրել է այսօրվա հանդիպման ընթացքում։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Թուրքիան հյուրընկալել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները։ Այսօրվա հանդիպման ժամանակ Թուրքիան կրկին պատրաստակամություն է հայտնել ստանձնելու այդ դերը՝ աջակցելով խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին։

Ամենից շատ դիտված