Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) ներկայացուցիչները հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանիի հետ:
Նրա աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ «DEM»-ի ներկայացուցիչները Բարզանիին են փոխանցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձները, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել նրա հետ ունեցած 2 հանդիպման վերաբերյալ:
Հայտարարությունում ողջունվել է Օջալանի հետ բանակցությունների մեկնարկը և համարվել, որ այն խնդիրների լուծման ճիշտ տարբերակն է:
Բացի այդ ընդգծվել է, որ Բարզանին աջակցում է մեկնարկած գործնթացին և աջակցելու համար պատրաստ է անել այն ամենը, ինչ կախված է իրենից:
Հանդիպմանը ներկա է եղել Թուրքիայի «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» (DBP) համանախագահ Քեսքին Բայնընդըրը, ով թեմայի վերաբերյալ կատարած կարճ հայտարարությունում նշել է, որ հանդիպումները լինելու են շարունակական:
Աղբյուրը՝ ermenihaber.am