Հալաբյանի 19Ա հասցեի մոտ, թիվ 1 Զինկոմիսարիատի դիմաց 4 տարի է արդեն ավերված արգելապատնեշները չեն վերակառուցվում։
«2021 թ-ի ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել նշյալ հատվածում, որի հետևանքով՝ 2 անձ մահացել է։ Պետք է ասեմ, որ այդ շրջանցիկ հատվածն ի սկզբանե շատ վատ էր կառուցված, իսկ վթարից հետո ընդհանրապես չի վերականգնվել, որի հետևանքով ևս 2 ավտովթար է տեղի ունեցել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հալաբյան փողոցի բնակիչ Ֆրունզ Մարան Հարութունյանը։

Բնակիչը ջանքեր է գործադրում, որ քաղաքային իշխանությունների կողմից այս ավերված արգելապատնեշները ուշադրության կարժանանան։

Ֆրունզ Մարան Հարութունյանը հավելեց, նաև, որ ինքը խնդրի լուծման համար դիմել է վարչապետի աշխատակազմին, որոնք էլ իրենց հերթին դիմել են քաղաքապետարանին։ Քաղաքապետարանից բնակչին հետևյալ պատասխանն են տվել․
«Վերոհիշյալ ծրագրի մրցույթը դեռ չի կայացել, հետևաբար տվյալ խնդիրը կարող ենք կարգավորել միայն մրցույթի անցկացումից հետո»։

Ֆրունզ Մարան Հարութունյանի կարծիքով՝ սա ուղղակի անգործության հետևանք է, այլ՝ ոչ թե մրցույթ չկայանալու հարց, քանի որ մրցույթ չի հայտարարվել, որ հաղթող էլ լինի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին, մարտի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ 33-ամյա Արկադի Ղուկասյանը իր վարած ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև երկաթե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով 2 անձ մահացել էր։