Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող Սպանդարյանի 5 հանքերը ընդգրկված են Ակադեմիական քաղաքի՝ գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։ Այստեղ ընդերքօգտագործման իրավունք ունեն «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն, «Ամելիա Մայնինգ Քոմփանի» ՓԲԸ-ն, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն և «Շիրինշին» ՍՊԸ-ն, և մեկ այլ հանքավայր, որի գործունեությունն այս պահին դադարեցված է։
Հանքերը շահագործող ընկերությունների նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, որի նպատակը պարզ է․ ճնշել ընկերություններին, որ Ակադեմիական քաղաքը հեշտ իրականանա։
2024թ-ի օգոստոսի 30-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները սկսել են հերթապահություն իրականացնել Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հարակից հանքավայրերից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում՝ արգելելով 5 տնտեսվարողի՝ շահագործվող հանքերից հանքանյութով բարձված բեռնատարների ելքը:
Oragir News-ն այս խնդիրը հասկանալու նպատակով կապ հաստատեց հանքերի ներկայացուցիչների հետ։
Առաջինը կապ հաստատեցինք «Ամելիա Մայնինգ Քոմփանի» ՓԲԸ-ի ներկայացուցչի հետ։ Նա նշեց, որ օրենքի պահանջի համաձայն տարածքը ճանաչվել է գերակա շահ, սակայն դեռևս որևէ փոխհատուցման առաջարկ իրենց չի եղել, և իրենք սպասում են առաջարկների։ Նա նշեց, որ շահագործան համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ունեն, և հույս ունեն, որ օրենքի սահմաններում խնդիրը կլուծվի։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Շիրինշին» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։
«Տվյալ տարածքները մինչև գերակա շահ ճանաչվելը որևէ խոսակցություն մեզ հետ չի եղել։ Սակայն էստեղ փոխհատուցման խնդիր կա, բոլոր ընկերությունները մեծ ծախսեր են կատարել, տեխնիկա են ձեռք բերել, վարկեր ունեն, ի վերջո, պետք է շահագործեն այդ հանքերը, ունենան եկամուտներ, որ իրենց ծախսերը հոգան:
Հանքերի չշահագործման դեպքում ստացվում է, որ բոլոր պարտավորությունները, անձնական ներդրումները վտանգի տակ են և այս ամենի համար անհրաժեշտ է փոխհատուցում։ Չպետք է տարածքը դիտարկվի որպես սովորական վարձակալված հող, քանի որ եթե այս հողամասը նույնիսկ վարձակալել են, ապա լեռնահատկացման ակտի հիման վրա է դա տրված։
Հանքարդյունաբերության մեջ այլ կանոններ են գործում, նաև հատուկ փակման ծրագիր կա։ Ըստ նրանց՝ փակման աշխատանքները ո՞վ պետք է իրականացնի, ի վերջո՝ էստեղ բնապահպանական խնդիրներ էլ կան։ Սա լուրջ մտածված ծրագիր չէ, այլ ընթացքից որոշած ինչ-որ գործառույթներ են իրականացվում, որը արդյունահանողներին փաստի առաջ է կանգնեցրել։ ՍՊԸ-ներից մեկի տնօրենը շատ ճիշտ բան էր ասել, որ եթե իրոք կառուցապատում են իրականացնում, ապա ինչո՞ւ են էստեղի հանքը փակում, որ գնան ուրիշից բազալտ բերե՞ն։ Դրա փոխարեն այս հանքերը թող օգտագործեն առաջիկա կառուցապատման նպատակով»,- նշեց փաստաբանը։
Նա հավելեց, որ այստեղ ավելի մեծ խնդիր կա, քողարկված քայլեր են անում, որ ընկերությունները խնդիրներ ունենան իրենց պարտավորվածությունների, արդյունահանման հետ կապված, պետական վճարներ, բնապահպանական վճարներ չկարողանան անել, իրենց ֆինանսական վիճակն էլ վատանա։
«Եվ մի գեղեցիկ օր էլ կասեն, որ սահմանված պայմանագրային պարտավորվածությունները չենք կատարում և կզրկեն հանքօգտագործման իրավունքից։ Եվ շատ հնարավոր է՝ ոչ մի Ակադեմիական քաղաք էլ չկառուցվի։ Այդ լիցենզիան էլ տան ուրիշին»,- ասաց փաստաբանն ու կարևորեց այն հանգամանքը, որ յուրաքանչյուր որոշում կայացնելիս պետք է տնտեսվարողների հետ նախապես պայմանավորվեն, ընդհանուր հայտարարի գան, հաշվի առնեն այդ մարդկանց ծրագրերը, եկամուտները, ինչ պայմանագրեր կան։
«Ի վերջո՝ էդպես չի կարգը, որ երկնքից հայտնվում են ոստիկաններ ու առանց հիմնավորման, համապատասխան փաստաթղթերը ցույց տալու ասում են, որ թույլ չեն տալիս անցնել։ Սա լրիվ անօրինական է։ Էստեղ տեսնում ենք նաև, որ ապօրինի քրեական վարույթ է նախաձեռնվել, ի վերջո պետք է լինի հանցագործության ակնհայտ հատկանիշներ, որ վարույթ նախաձեռնեն։ Նրանք ինչ-որ զեկուցագիր են ստացել, ոստիկանությունից սուտ տեղեկություն, ըստ որի՝ հանքավայրերում ապօրինի հանքարդյունաբերություն է իրականացվում։ Ապօրինին նշանակում է, որ տրամադրված տարածքից, այսինքն՝ հանքից, դուրս չնախատեսված տարածքում գործունեություն ենք իրականացրել։ Իրենք պետք է դրա հիման վրա քրեական վարույթ նախաձեռնեին 281-րդ հոդվածով, որը ապօրինի արդյունահանման մասին է, իսկ նրանք քրեական վարույթ նախաձեռնել են 383-րդ հոդվածով։ Ըստ տվյալ հոդվածի՝ սահմանվում է հատկացված վայրում պահանջների խախտում, այսինքն՝ հանքում իրականացվում են աշխատանքներ, որոնք պայմանագրի օրենսդրությանը հակասում են։ Գլխավորն այստեղ այն է, որ եթե նայենք զեկուցագրին, որը ներկայացվել է, ապա մեղադրանքը պետք է առաջադրվեր 281-րդ հոդվածով, սակայն նման բան չի արվում քանի որ դա կեղծ տեղեկություն է։ Ապօրինի արդյունահանման վերաբերյալ ոչ մի քննչական գործողություն չի եղել։
Արդեն 5 ամիս է, նույնիսկ ընկերության տնօրենի հետ հանդիպում չեն ցանկացել ունենալ, պարզաբանումներ իրականացնելու համար քանի որ գիտեն, որ շինծու գործ է և կփակվի։ Այսինքն՝ ապօրինի կերպով, ոստիկանության ինչ-որ գրության միջոցով՝ առանց որևէ որոշման, առանց այդ որոշումը դատական կարգով հաստատման՝ եկել են հանքի մոտ պահակություն են անում, որ ավտոմեքենաները դուրս չգան»,- նշեց փաստաբանը
Լ․Հովհաննիսյանը նաև հավելեց, որ այս ամենի մեղավորը դատախազությունն է, որը խուսափում է որևէ բան ասել, քանի որ գիտեն՝ շինծու գործ է։
«Դատախազությունն ինքն է այս ապօրինության գլխին կանգած և պատասխան չունի, անհեթեթ պատասխաններ են տվել, ըստ որոնց՝ ոստիկանները դեպքի վայրի պահպանությունն են իրականացնում, բայց իրենց բաժինը հանքից 2 կմ է հեռու։ Թող էնտեղից պահպանությունը անեն։ Դատախազությունը ասելիք չունի նրան վերևից հանձնարարություն են տվել, քանի որ իրենք էլ ինքնագլուխ չէին անի»,- նշեց նա։
Փաստաբանը ասաց նաև, որ տեսնում ենք, թե ինչպես են ապօրինաբար իրավական համակարգը օգտագործում տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու համար, որի նպատակը մեկն է՝ լիցենզիայից զրկելը ու փոխհատուցում չտալը։
Հանքերի սեփականատերերից մեկն էլ նշեց, որ տարակուսած են այս ամենից, քանի որ ըստ նախատեսված շինարարության՝ պետք է այդ տարածքում լճակ լինի։ Եվ հանքատերերը առաջարկել են հանքի նյութերով այդ լճակը կառուցել , բայց պետությունը չի համաձայնվում, նրանք այլ պլաններ ունեն։
Հիշեցնենք որ սա առաջին դեպքը չէ։ Նաև Հայաստանում ամերիկյան համալսարանն է նոր մասնաշենք կառուցելու թույլտվության խնդրի առջև կանգնել: Բանն այն է, որ համալսարանը ոչ մի կերպ չի կարողանում թույլտվություն ստանալ իշխանություններից:
Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թեև ի սկզբանե համաձայնության է եկել համալսարանի ղեկավարության հետ՝ թույլ տալով, որ վերջինս գնի հարակից տները նոր մասնաշենքի կառուցման համար, սակայն հետո փոխել է մտադրությունը՝ ակնարկելով, որ Ամերիկյան համալսարանը ևս պետք է տեղափոխվի կառուցվելիք Ակադեմիական քաղաք: