Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 3-ի միջազգային կարևոր լուրերը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանի և բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար։ Իրանական պետական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բաղային ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և դիվանագիտական փոխանակումները վերջին օրերին շատացել են։ Մենք նախկինում հայտարարել ենք և կրկին շեշտում ենք, որ պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով երկու երկրների միջև բանակցությունների առաջխաղացմանը»,- ասել է նա։
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկվում են որպես Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանցի երկու իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթներին Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ այցելություններ են կատարել Սաուդյան Արաբիա և ԱՄԷ։ Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկը հայտնել է, որ Մոսկվան առայժմ չի աջակցում այդ վայրերում հանդիպում անցկացնելու գաղափարին, քանի որ երկու երկրներն էլ սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում։
Երեկ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում, հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պլանավորված հանդիպումների և շփումների մասին։ Նրա խոսքով՝ նախատեսված հանդիպումների քննարկումն ընթանում է «բավականին հաջող»։
«Շատ լարված հանգստյան օրեր ենք անցկացրել։ Մենք զբաղվում ենք Իսրայելով: Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մենք հանդիպումներ ու բանակցություններ ունենք ծրագրված տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»,- ասել էր Թրամփը։
Մանրամասները՝ տեսանյութում: