Ինչով են հայտնի ու ինչով են զբաղվում Փաշինյանի հետ հանդիպած շվեյցարահայերը
copy image url

Ինչով են հայտնի ու ինչով են զբաղվում Փաշինյանի հետ հանդիպած շվեյցարահայերը

Ներքին 2 ամիս առաջ - 16:15 27-01-2025
Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Oragir.News-ը ներկայացնում է, թե ովքեր են եղել հանդիպման ներկաները, որոնք, լինելով Ցեղասպանության զոհերի ժառանգներ, լուռ լսել են, թե Փաշինյանը ինչպես է հասկանում Հայոց ցեղասպանություն եզրույթը, և ոչ մի խոսք չեն հնչեցրել՝ ի պատասխան ՀՀ վարչապետի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունների։

1) Վահե Գաբրաշը հայտնի շվեյցարահայ գործարար է և բիզնեսմեն։ Վահե Գաբրաշը ներգրավված է եղել շվեյցարական բիզնեսի տարբեր ոլորտներում՝ բանկային ծառայություններից մինչև արդյունաբերություն։ Նա երկար տարիներ աշխատել է մի քանի միջազգային ընկերությունում՝ ստեղծելով տարբեր բիզնես մոդելներ։ Վահե Գաբրաշը «Արմենիա» հիմնադրամի ատենապետն է, «Փիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամի պատվո նախագահը, ինչպես նաև «Հակոբ Թոփալեան» հիմնադրամի նախագահը։ Նա աչքի է ընկնում «Իմ քայլը» հիմնադրամին կատարած խոշոր նվիրատվություններով. 2019 թ. «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 25 հազար դոլար, 2021 թ. էլ «Փիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամն է փոխանցել 15 հազար դոլար։ 2019 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստան կատարած այցի ժամանակ հանդիպել է Աննա Հակոբյանին՝ քննարկելով հիմնադրամին կատարելիք հետագա նվիրատվությունների հարցը։



2) Հակոբ Ավագյանը՝ շվեյցարահայ հայտնի գործարար, «Tapis d'Orient» գորգերի վաճառքով զբաղվող ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է: Նա նաև հայտնի քաղաքական գործիչ է, որը բավական ակտիվ է թե՛ շվեյցարական, թե՛ հայկական քաղաքականությունում, Շվեյցարիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության՝ Ժնևի փոխատենապետն է։ 2014 թ. իր տված հարցազրույցում Հակոբ Ավագյանը նշել էր, որ Հայաստանը չպետք է խառնվի գաղութների ներքին գործերին՝ ասելով, որ եթե կարողանում եք՝ Հայաստանում մի բան արեք օգտակար, Սփյուռքի գործերին մի խառնվեք։



3) Մայք Բարոնյանը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահն է։ 1969-1990 թվականներին նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ J&J-ում, Միացյալ Նահանգներում և Կանադայում: 1998-1999 թթ. Բարոնյանը Շվեյցարիայի Կարմիր խաչի հիմնադրած, շահույթ չհետապնդող հաստատության՝ Բեռնում կենտրոնական լաբորատորիաների գործադիր տնօրենն էր: 2000-2002 թթ. Asklia ընկերության գործադիր տնօրենն էր, 2003 թվականից նա ղեկավարում է իր սեփական AZAD ընկերությունը, 2000-2009 թթ. Tecan ընկերության նախագահն է եղել: 2018 թ. Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որին մասնակցել է նաև Մայք Բարոնյանը։ 2019 թ. Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շվեյցարիայում հանդիպել է մի խումբ գործարարների հետ, որոնց թվում էր նաև Մայք Բարոնյանը։



4) Վիգեն Չըթըրյանը ծնունդով լիբանանցի հայ լրագրող և հեղինակ է։ Նա միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի Վեբսթեր համալսարանում, նաև դասախոսել է Լոնդոնի SOAS համալսարանում (2012-2014)։ Չըթըրյանը հոդվածագիր է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթում, Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի (IUHEI) ասպիրանտ է։ Նա աշխատել է զինված հակամարտությունների, ցեղասպանությունների, հեղափոխությունների, ազգայնական շարժումների, քաղաքական իսլամի, լրատվամիջոցների և զարգացման, ինչպես նաև շրջակա միջավայրի և անվտանգության հարցերի շուրջ։



5) Հայկ Հովհաննիսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, մասնագիտացել է միջազգային առևտրի և տնտեսական հարաբերությունների ոլորտում։ Նա 2018 թ. նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ 3 տարի ժամկետով։ Նշենք, որ նա դաշնակցական Վահան Հովհաննիսյանի որդին է։



6) Շվեյցարահայ գործարար և բարերար Վարդան Սրմաքեշը «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի սեփականատերն է։ 1999 թվականից «Արարատ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերն է։ 2013 թ. նշանակվել է Մարսելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս։ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի սեփականատերն է, Հայաստանում բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել, որոնց մի մասը չի իրականացվել, որոշներն էլ ընթացքի մեջ են։ 2018 թվականին Սրմաքեշը գործընկերոջ հետ հայտնել էր «Կառուցիր Հայաստան» նախաձեռնության մեկնարկի մասին, որի «առաքելությունն էր հայրենիքի ճանապարհը բռնած հային զինել անհրաժեշտ տեղեկությամբ», սակայն ինչպես տեղեկացրել էր «Կառուցիր Հայաստան»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, 2018-ից հետո նախաձեռնությունը գործունեություն չի իրականացրել։ 2015 թվականին Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով շվեյցարահայ գործարարը պետք է 10 մլն դոլար հատկացներ, սակայն Շիրակի մարզպետարանից հայտնել էին, որ մարզում խոստացված ներդրումային ծրագիրը կյանքի չի կոչվել։ 2019 թ. օգոստոսին Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև ստորագրվեց հուշագիր՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար նոր ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ, սակայն Շիրակի մարզպետարանից հայտնեցին, որ հիմնադրամի կողմից մարզում նման ծրագիր չի իրականացվել։



7) Դանիել Փափազյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահն է։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայկական եկեղեցու և մշակութային ժառանգության պահպանման հարցերին։

8) Հասմիկ Տոլմաջյանը եղել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2004-2008 թթ.՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար, 2008-2014 թթ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնական, 2014-2018 թթ.՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ: 2018 թվականից Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է (նստավայրը՝ Փարիզ): 2020 թ․ հուլիսի 16-ից Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է եղել: 2024 թվականի հոկտեմբերի 25-ին հետ էր կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպանի պաշտոնից։ 2024 թվականի հոկտեմբերի 25-ից զբաղեցնում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Տոլմաջյանը Շվեյցարիայում դեսպան է նշանակվել ՀՀ վարչապետի առաջարկով։

Ամենից շատ դիտված