«Անդրանիկ Թևանյանը ունի իր քաղաքական գիծը, ուղղությունը, առանձին քաղաքական դաշինքի գործընթացներում է: Ես հարկ չեմ համարում կողմ կամ դեմ արտահայտվել նրա մոտեցումներին: Ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտում փոխադարձ հարձակումները լավ բանի չեն բերում: Այսօր ո՛չ ժամանակն է, ո՛չ տեղը, որպեսզի մեկը մյուսին մեղադրանքներ հնչեցնեն»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ Անդրանիկ Թևանյանը վերջերս Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել՝ ստեր տարածելու մեջ, նրա խոսքերը որքանո՞վ են հավաստի:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մասով ՌԴ-ի հիշատակմանը՝ Մինասյանը նշել է, որ ակնհայտ է՝ ՀՀ այսօրվա իշխանությունները ոչ միայն չեն ընկալում աշխարհաքաղաքական զարգացումները, ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, այլև տրամագծորեն հակառակ վարքագիծ են դրսևորում։ Ըստ Մինասյանի՝ աշխարհում ընթանում է ազգային շահերն առավելագույնս պաշտպանելու մոտեցում, սակայն ՀՀ իշխանություններն առաջնորդվում են դրանք զիջելու, հանձնելու մոտեցմամբ՝ «կեղծ տիտղոսային հայտարարություն անելով, թե գնում են խաղաղության։
Պատգամավոր խոսքով, իրականում այդ խաղաղության տակ թաքնված են ամենամեծ հնարավոր հանձնումները։
«Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, թե՛ նոյեմբերի 9-ի պարտավորությունների կամ իրավունքների իրացման անկարողության դրսևորմամբ, թե՛ եվրոպական հատվածի հետ հարաբերությունների շրջանակներում, թե՛ ձևական կեղծ հայտարարություն անելով, մի նատակ է հետապնդում՝ առավելագույնս պահպանեն իրենց իշխանությունն ու նեղ խմբային անվտանգությունը»,-ասաց նա։