«Երևանում եղել են իկարուսներ, տրոլեյբուսներ, տրամվայներ։ էդ տրանսպորտային համակարգը ինչո՞ւ է վերացել, որովհետև այդ համակարգի համար ամեն ինչ արվել է, որ եթե լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի։ Հետո գնացել, կորել է»,- տրանսպորտի թանկացման հետ կապված հարցերին ի պատասխան այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետարանը կարող է ասել՝ եկեք ոչինչ չփոխենք, էն տրամաբանությունը, որով գազելներից էինք օգտվում, նաև նոր ավտոբուսների դեպքում կիրառենք․ «Ուզում եմ արձանագրենք, որ դրա արդյունքում ինչ-որ մի ժամանակ հետո մենք կունենանք MAN ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը սկոճով ցելոֆոն է կպցրած, օդորակիչը չի աշխատում, դուռը չի բացվում, նստարանը կոտրված է, այն, ինչ մեր աչքի առաջ մի քանի անգամ տեղի է ունեցել։ Երբ այսօր տրանսպորտ ենք նստում, մենք ունենք երկու ընտրություն․ ուզում ենք միայն մեր գործի գնալու համար վճարե՞նք, թե՝ տասը տարի հետո էլ նորմալ տրանսպորտով Երևանում հնարավոր լինի գործի գնալ»։