Աննա Հակոբյանը այսօր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ է արել կրթվել։ Հասկանալու համար՝ արդյոք Մարությանը պատրաստվո՞ւմ է հետևել առաջին տիկնոջ առաջարկին, թե ոչ,
Oragir.News-ը կապ հաստատեց Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության անդամ ու համախոհ Գրիգոր Երիցյանի հետ։
Երիցյանը նշեց. «Հայկ Մարությանը քաղաքապետ է եղել Աննա Հակոբյանի, եթե չեմ սխալվում, ամուսնու առաջարկությամբ։ Մարությանը իր աշխատանքով ցույց է տվել, որ ոչ միայն տեղյակ է տրանսպորտի թանկացումից, այլև դրել է ռեֆորմների սկիզբը, դա այն նույն գործն է, որ Ավինյանը չի կարողանում հասցնել ավարտին։ Եվ կարծում եմ՝ շատ տեղին առաջարկ կլինի, եթե իրենց կրթությունը բարելավեն թե՛ Աննա Հակոբյանը, թե՛ Երևանի քաղաքապետը և թե՛ վարչապետը, որը այսօր վերջապես որոշել էր թողնել հեծանիվը և երթևեկել մետրոյով։ Փաշինյանը փորձում էր տեսանյութում ցույց տալ, թե ինչքան հեշտ է մետրոյով երթևեկելը, և ինչքան հետաքրքիր հարցեր են իրեն ուղղել քաղաքացիները, սակայն մեր թիմը վստահ է, որ տեսանյութում տեղ չեն գտել մնացած այն բոլոր հարցերը, որոնցով անհանգստացած են քաղաքացիները։ Վարչապետը շատ գոհ էր, որովհետև վճարել էր 100 դրամ, իսկ փետրվարի 1-ին եթե նստի մետրո, կտեսնի, որ չի կարող շատ հեշտ երթևեկել, որովհետև 3 անգամ թանկանալու է տրանսպորտը։ Ուրիշին կրթվելու կոչ անելուց առաջ պետք է նայել՝ արդյոք մենք կրթվա՞ծ ենք, թե՞ ոչ։ Արդյոք այն քաղաքապետը, որի հայրը իր ժողովրդին համբալ է անվանում, կրթվելու կարիք չունի՞, այն քաղաքապետը, որը իր չիմացությամբ թռչում է արտերկիր, կրթվելու կարիք չունի՞։ Ընդդիմադիրներին շուն ու ճանճ անվանող մարդը կրթվելու կարիք չունի՞»։
Երիցյանը պնդեց նաև, որ քաղաքական իշխանությունը մեծ վտանգ է տեսնում համախմբման մեջ։ Համախմբում կա թե՛ Մարությանի շուրջը, թե՛ այլ ընդդիմադիրների՝ երիտասարդների ու քաղաքացիների ինքնակազմակերպման միջոցով նաև։ Մարությանի հոլովակները հավաքել են արդեն 3 միլիոն դիտում, և սա խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում, ու այն տեխնոլոգիան, որը նրանք կիրառում են, կեղծ տեղեկությունների տարածումն է, օրինակ՝ 50.000 դրամ տուգանվելու մասին լուրերը։
Երիցյանի խոսքով՝ իշխանությունը լավ գիտի, որ ինքը չի մարսելու այդ ռեֆորմները։