Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու փողոցում գտնվող «Եվրոպլաստ 999» ընկերության սեփականատիրոջ կողմից 3 օր փակի տակ գտնված տարեց միայնակ կինը ցուցմունք է տվել։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց տարեց կնոջ մտերիմներից մեկը՝ Դավիթը։
Նրա խոսքով՝ հարցաքնությունը տեղի է ունեցել հենց այն տանը, որտեղ նրան փակի տակ է պահել «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի տերը։
«Ես ոստիկաններին ասացի, որ ես կամ հարազատներից մեկը՝ խորթ տղան կամ հարսը ներկա լինեն, երբ տատիկը ցուցմունք է տալիս, քանի որ նրանք են երկար տարիներ խնամել և հոգ տարել նրա մասին։ Ոստիկանները մեզ արգելեցին, ասացին, եթե տատիկը չունի խնամակալ կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիր, ուրեմն ոչ մի խնդիր չկա։ Իսկ հարցին՝ եթե մեզ թույլ չեք տալիս ներս մտնել, այդ դեպքում ինչո՞ւ է մյուս կողմը՝ Մուշեղը, ներկա այդ արձանագրությանը, ոստիկանը պատասխանեց, որ նա չի խառնվում և չի խոչընդոտում մեր աշխատանքը։
Որոշ ժամանակ անց ոստիկանները դուրս եկան, ասացին, որ տատին բողոք չունի, ոչ մի խնդիր չկա, գրել է, որ իր կամքով դուրս է գալիս այդ տարածքից։ Տատիկին խնդրեցինք դուրս գա, ես հարց տվեցի, ասացի՝ տատի, 3-4 օր առաջվա ձայնագրություններ կան, որ դու ասում ես՝ իրենք ապօրինություն են կատարել, բայց ժամեր հետո քո կարծիքը փոխվեց, ինքը դարձավ հոգատար անձնավորությո՞ւն։ Նաև իրեն զգուշացրի, որ ես անձամբ հետամուտ եմ լինելու, որ գործ հարուցվի՝ պատճառները քննելու համար, թե իր վրա ճնշում եղել է, թե ոչ։ Տատին պնդեց, որ ճնշում չկա։ Ես նաև ասացի, եթե իրեն վախեցրել են, իրեն կտանեմ իմ տուն, ոչ մի խնդիր չի լինի, ասաց, որ իր տնից ոչ մի տեղ չի ուզում գնա։ Բայց ինքն արդեն ստորագրել էր, որ պատրաստ է ինքնակամ լքել այդ հասցեն, որտեղ 30 տարի ապրել է»,- ասաց Դավիթը։
Տղամարդու խոսքով՝ տարածքում ապօրինի աշխատանքների վերաբերյալ՝ ծառերի հատում, քանդման աշխատանքներ և այլն, ահազանգել է Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, որից հետո Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից իրեն պատասխանել են, որ ոչ մի քանդման աշխատանքն չի կատարվել, այլ հարթեցման աշխատանքներ են կատարվել։
«Ես այդ կապակցությամբ հաղորդում եմ տալու, նաև քաղաքապետարանում տեղեկացրել եմ, որ իրենց աշխատակիցները խաբում են, ապատեղեկատվություն են տրամադրում, թե քաղաքացիներին, թե քաղաքապետարանին։ Ես նաև տրամադրել եմ լուսանկարներ, որից հետո կապ հաստատեցին ինձ հետ և հայտնեցին, որ դրանք կցվում են գործին, այդ ամենը կմեկնաբանվի։
Բայց Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյա անձը գրել է, որոնման աշխատանքներ չի կատարվել՝ պետական փաստաթուղթ, կապույտ գրիչով ստորագրություն։
Սա նշանակում է, որ ամբողջ մի մաֆիա է գործում հօգուտ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի, որ կարողանում են կոծկել յուրաքանչյուր հարցը ու հօգուտ իրենց անել, թե՛ գումարների շնորհիվ, թե՛ խոստումների շնորհիվ իրենք փորձում են իրենց հարցերը լուծել։ Բայց ես պնդում եմ, որ տվյալ կազմակերպությունը, չունենալով համապատասխան փաստաթղթեր, լինելով վիճելի տարածք, ինքը իրավունք չուներ կատարել ոչ մի աշխատանք, ստեղծել վախի մթնոլորտ, քանի որ արձանագրվել է տվյալ կազմակերխության տնօրինության ագրեսիան։
Եթե այսօր լրագրողի նկատմամբ են կարողանում նման ագրեսիվ վերաբերմունք դրսևորել, ինձ թվում է՝ 70 անց տարեց կնոջը վախեցնելը կամ կաշառելը հաստատ դժվար չի լինելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատերերը փակի տակ են պահում տարեց միայնակ կնոջը։ Ավելին՝ սույն կազմակերպության տերը՝ ոմն Մուշեղ, հարձակվել էր դեպքի վայր ժամանած
Oragir.News-ի լրագրողի վրա, խլել հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականցնում՝ այդ կերպ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը։