«Երկու հարբած տղամարդ, պատը բռնած, մի կերպ քայլում են։ Հետո հանկարծ նրանցից մեկը կանգնում է։ Ընկերը հարցնում է՝ ինչո՞ւ կանգնեցիր։ Պատասխանում է՝ պատը պրծավ»,- այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
ՔՊ-ական իշխանության պատն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պրծել է 2024 թվականին՝ նրանով, որ այդպես էլ չի կապիտալիզացվել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանում ակտիվացած տնտեսական արդյունքը։ Իսկ որպես հետևանք, 2024-ին ՀՀ տնտեսական աճը երկու անգամ նվազել է, իսկ 2025-ի համար ընդամենը 5,8 տոկոս աճ է կանխատեսվում։
«Իշխանության սրտի օլիգարխների շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ՝ աճում է ՓՄՁ-ների և քաղաքացիների հարկային բեռը»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։