Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հարևան երկրում կրքերը դեռևս չեն հանդարտվում։ Ընտրությունների արդյունքները, որոնցով հաղթել է երկիրը 2012 թվականից կառավարող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, ընդդիմությունը չի ճանաչում, հայտարարում, որ մտադիր չէ վերցնել իր մանդատները և մասնակցել հաջորդ գումարման խորհրդարանի աշխատանքներին։
Վրաստանի ընդդիմությունը, որն այս օրերին հարևան երկրի մայրաքաղաքում հետընտրական բողոքի ակցիաներ է կազմակերպում, պահանջում է նոր ընտրություններ անցկացնել, որոնք պետք է կազմակերպվեն միջազգային վարչակազմի կողմից։ Այս պահանջը հոկտեմբերի 28-ին Թբիլիսիում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ բարձրացրեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն՝ նշելով, որ իշխանությունների հետ միակ բանակցությունն ու համաձայնությունը պետք է լինի նոր ընտրությունների շուրջ։
Միջազգային վարչակազմն ասվածն իրենց ենթադրում է, որ հնարավոր նոր ընտրությունները կկազմակարպվեն Եվրոպական հանձնաժողովի կողմից, իսկ Վրաստանի իշխանությունները դրանց միջամտելու հնարավորություն չեն ունենա։ Փաստացի Վրաստանի ընդդդիմությունն իր այս առաջարկով երկրի իշխանություններին փակուղու առաջ են կանգնեցրել, քանի որ եթե վերջիններս ընդունեն այս առաջարկը, ապա դրանով նախևառաջ կընդունեն, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն եղել ու նոր ընտրություններում մեծ հավանականությամբ հաջողության չեն հասնի, իսկ եթե մերժեն, ապա փաստացի կհաստատեն այն մեղադրանքներ, որ իրենք հեռացել են եվրոպական ինտեգրման ուղղուց և մտադիր են երկիրը վերադարձնել ռուսական ուղեծիր։
Հատկանշական է, որ Վրաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով մերժել են նոր ընտրություններ անցկացնելու առաջարկը՝ նշելով, որ երկրում ընտրություններն անցել են ազատ և թափանցիկ պայմաններում, միջազգային դիտորդների մասնակցությամբ, իսկ ընդդիմությունը չի կարողանում համակերպել իր պարտության հետ, ուստի նման պահանջ է ներկայացնում։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդեց, որ ընդդիմությանն աջակցում են բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք այս տարիների ընթացքում պայքարել են իրենց ֆինանսների անթափանցիկության համար, և այժմ նրանք կրկին ընդդիմանում են սահմանադրական կարգին։
Փորձագիտական համայնքի մեծամասնությունը հակված չէ կարծել, որ Վրաստանի իշխանությունները տեղի կտան և արևմուտքի վերահսկողությամբ նոր ընտրություններ կանցկացվեն։ Վրաստանի ընդդիմությունը նույնպես մեծ հավանականությամբ գիտակցում է այս իրողությունը, պարզապես փորձում է այս գործընթացից առավել շատ դիվիդենտներ շահել և ապալեգիտիմացնել գործող իշխանություններին, ինչպես նաև առաջիկա ընտրական գործընթացներում՝ հանրապետության նախագահի և ՏԻՄ, առավել նպաստավոր դիրքավորվել, որոնցում արդեն հաջողության հասնելուց հետո խորհրդարանական նոր ընտրություններն ու իշխանափոխությունն անխուսափելի կլինեն։
Վրաստանի իշխանությունների իրավիճակը մեծ հաշվով նախանձելի չէ։ Թեպետ հոկտեմբերի 26-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով «Վրացական երազանք»-ին հաջողվեց իր 12-ամյա իշխանությունը ևս 4 տարով երկարաձգել, իսկ հաջորդող օրերին հետընտրական իրավիճակը հիմնականում պահել վերահսկելիության տիրույթում, ակնհայտ է, որ վերջինս իր հաղթանակը լեգիտիմացնելու կարիք ունի։ Հենց այս նպատակով Վրաստանի իշխանություններն ընտրություններից հետո որոշակիորեն մեղմել են իրենց հակաարևմտյան հռետորաբանությունը, հայտարարում են, որ չեն հրաժարվելու ԵՄ-ին ինտեգրվելու օրակարգից։ Նույն մեղմացումը նաև արևմուտքի հռետորաբանությունում է նկատվում, որտեղ Թբիլիսիին կոշտ քննադատության ենթարկում, սակայն երկխոսության պատուհանը չեն փակում։
Վրաստանի իշխանությունները դեռևս նախընտրական շրջանում վստահեցնում էին, որ երկիրը մինչև 2030 թվականի կանդամակցի Եվրոպական միությանը, որի թեկնածուի կարգավիճակն արդեն նախորդ տարի ստացել է։ Ստեղծված իրավիճակում փորձագետները չեն բացառում, որ Վրաստանի արևմտյան գործընկերները կարող են երկրի իշխանություններին անհարմար իրավիճակի մեջ դնել՝ առաջարկելով իրենց վերահսկողությամբ նոր ընտրություններ անցկացնել, ինչին համաձայնվելով Թբիլիսին կվերահաստատի, որ եվրոպական ուղղուց մտադիր չէ հրաժարվել, սակայն այս ճանապարհով շարժվելը չափազանց ռիսկային է։
Դժվար է ասել՝ Արևմուտքը Վրաստանի իշխանությունների առաջ կդնի՞ նման պահանջ, թե՞ ոչ, քանի որ դա առավելապես կախված է այն հանգամանքից, թե վրացական ընդդիմության գործողություններն ինչպիսի՞ ժողովրդականություն կվայելեն, սակայն միանշանակ է, որ Վրաստանի ընդդիմության այս «ձիով» քայլը իշխանություններին կանգնեցրել է յուրօրինակ փակուղու առաջ։
Դավիթ Գույումջյան