Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. առանձին վայրերում անհրաժեշտ է եղել մարդկանց տարհանել, խափանումներ են տեղի ունեցել տրանսպորտի աշխատանքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է BFMTV-ն։
Արդեշի դեպարտամենտում եղանակային վատ պայմանների պատճառով փակվել են բազմաթիվ ավտոճանապարհներ։ Աննոն քաղաքում հեղեղումների պատճառով երեխաները տարհանվել են դպրոցներից ու մանկապարտեզներից։ Քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Ռոնի դեպարտամենտում երկաթուղային հաղորդակցությունը Լիոնի և Սենտ Էտիենի միջև դադարեցվել է առնվազն մինչև հոկտեմբերի 18-ի առավոտ:
«Նիս-Լազուր ափ» օդանավակայանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նախազգուշացնում է չվերթերի հնարավոր ուշացումների մասին:
Վեց դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ, ևս 19 դեպարտամենտներում՝ «նարնջագույն»։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ վտանգավորության «կարմիր» մակարդակը հոկտեմբերի 18-ին կպահպանվի չորս դեպարտամենտներում, իսկ «նարնջագույնը»՝ 18-ում: Վերին Լուարի արևելյան մասում սպասվում են շուրջ 10 սմ տեղումներ, ինչի պատճառով գետերը կարող են դուրս գան ափերից։