Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին երկրի Գերագույն ռադայում ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը», որով նա ավելի վաղ մեկնել էր ԱՄՆ և եվրոպական երկրներ։ Նա պնդել է, որ եթե հենց հիմա սկսեն շարժվել այս փաստաթղթով, ապա պատերազմը կարող է ավարտվել ոչ ուշ, քան հաջորդ տարի։
Զելենսկու ներկայացրած պլանը բաղկացած է 5 կետից և 3 պարբերությունից։ Ծրագիրը ի թիվս այլ կետերի նախատեսում է, որ Ուկրաինան պետք է անմիջապես անդամակցի ՆԱՏՕ-ին, երկրի պաշտպանական կարողությունները մեծացվեն, պաշտպանական արդյունաբերությունը զարգացվի, ռազմական գործողությունները տեղափոխվեն Ռուսաստանի Դաշնության տարածք։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ Ուկրաինայի նախագահի ներկայացրած ծրագրին աշխարհում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Նրա խոսքով՝ դա ծանր իրավիճակում հայտարարված ծրագիր է, իսկ այժմ իրականում քննարկվում է Ուկրաինայի բաժանման խնդիրը․
«Այժմ սեղանին դրված է Ուկրաինայի բաժանման խնդիրը և արևմուտքում պահանջում են, որ ուկրաինական կողմն այդ բաժանումը ճանաչի։ Խոսքը ոչ թե տարածքների կորստի մասին է, այլ կորեական սցենարի կիրառման, որտեղ հարձակումն առկախված է մնում, իսկ Ուկրաինային ՆԱՏՕ չեն մտցնում։ Բավականին լուրջ մասնագետների կողմից հայտարարություններ հնչեցին, որ ՆԱՏՕ-ին չի կարող որևէ մի երկիր անդամակցել, ում սահմանները հստակեցված չեն»։
/Ստեփան Դանիելյան, քաղաքագետ/Քաղաքագետի համոզմամբ՝ այժմ քննարկվում է այն տարբերակը, որով Ռուսաստանի պահանջների մասը ճանաչվում են, ռուսական վերահսկողության տակ անցած տարածքները ինչ-որ կարգավիճակով մնում են վերջինիս, իսկ Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցելու, փոխարենը՝ անվտանգության երաշխիքներ է ստանալու։ «Սա այն էր, ինչը սպասվում էր․ Ուկրաինային օգտագործել են Ռուսաստանի դեմ, ինչ-որ առումով նաև Եվրոպայի դեմ՝ Ռուսաստան-Եվրոպա տնտեսական կապերը խաթարելու համար, հատկապես Գերմանիայի կողմից»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին, թե Զելենսկին, նման անիրատեսական ծրագիր ներկայացնելով, առավելապես ի՞նչ խնդիր է փորձում լուծել՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց, որ սա առաջին հերթին անզորությունից արված քայլ է, որի միջոցով նա փորձում է իր դեմքը փրկել։ Նա չի բացառում, որ Զելենսկին փորձում է Ուկրաինայի ժողովրդի առաջ իրեն արդարացնել՝ համոզելով, որ երկիրը պատերազմում պարտվել է ոչ թե իր ու իր վարած քաղաքականության, այլ հենց արևմուտքի պատճառով։
Ստեփան Դանիելյանն ընդգծում է՝ բոլորն են հասկանում, որ պատերազմը պետք է դադարեցվի՝ ինչպես արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանը։ Ըստ նրա՝ ամբողջ խնդիրը պատերազմը դադարեցնելու պայմանների մասին է։
«Ուկրաինայի նախագահն իր առաջ ունի այն մեղադրանքը, որ արևմուտքի՝ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի պահանջով վիժեցրեց 2022 թվականի պայմանագիրը, որը պետք է Ստամբուլում կնքվեր։ Դա պատերազմը դադարեցնելու լավագույն տարբերակն էր, որի համար արդեն ուշ է, և այն այսօր արդեն Ուկրաինայի համար երազանք է։ Սրա պատասխանատվությունն առաջին հերթին հենց Զելենսկու վրա է, քանի որ դրանից հետո հարյուր հազարավոր զոհեր եղան, բազմաթիվ բնակավայրեր ավերվեցին։ Այսինքն՝ դա տեղի ունեցավ իր սխալ քաղաքականության պատճառով և բնականաբար ինքն անհանգստացած է իր հետագա ճակատագրով»,- կարծում է նա։
Քաղաքագետը հավելեց, որ Զելենսկին հաջորդ ընտրություններում նախագահ ընտրվելու ոչ մի շանս չունի, իսկ ընտրություններից հետո Ուկրաինայի ժողովուրդն ու նոր իշխանությունները իր առջև բավականին լուրջ մեղադրանքներ են դնելու։
Դավիթ Գույումջյան