Լաչինով նվաստացում ու Մեղրիով սպառնալիք  
copy image url

Լաչինով նվաստացում ու Մեղրիով սպառնալիք  

Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:10 09-10-2024
Չբարեկամները կրկին փորձում են նվաստացնել հայ ժողովրդին։ Ռուս-ադրբեջանական առաջիկա նվաստացման մասին հայտարարվել է հոկտեմբերի 7-ին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, թե առանձին որոշմամբ առաջարկում է ԱՊՀ երկրների ղեկավարներին հաստատել ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքների ցանկը։ «Հաջորդ տարի մշակութային մայրաքաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026 -ին՝ հայկական Մեղրին, 2027 -ին բելառուսական Մոլոդեչնոն», - նշել է Լավրովը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ։

Այս նվաստացումը զգալու համար պատկերը դիտենք ՀՀ ազգային շահերի տեսանկյունից։

Օրինակ՝ պատկերացրեք, թե 2025-ին Լաչինը կրկին ազատագրվել է ռուս-թուրք-ադրբեջանական զավթիչներից, և այնտեղ հայկական, հաղթական տոն է, որին քարշ ենք տվել նաև պարտված ռուսներին, ադրբեջանցիներին, թուրքերին, ստիպելով նրանց գլխիկոր պարել հայկական երգերի տակ ու ծափ տալ։ Ինչպես նաև պատկերացրեք, թե 2026-ին արդեն բացվել է Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհն, ու Մեղրին մի քանի անգամ մեծացել է ու հարստացել, այնտեղ կառուցվել են նոր համերգասրահներ ու մշակութային կառույցներ, և այդ ժամանակ ՀՀ-ն իրական դաշնակիցների հետ Մեղրիում կազմակերպել է մշակութային մեծ միջոցառումներ, որին քարշ ենք տվել նաև ռուսներին, ադրբեջանցիներին, որ տեսնեն իրենց հակահայկական, հակաքաղաքակրթական նկրտումների լիարժեք տապալումը, նվաստանան, հետո հայկական երգերի տակ պարեն ու ծափ տան։

Փորձագետների կարծիքով՝ ՌԴ-ն միտումնավոր է առաջարկում Լաչինը։ Այդպիսով նրանք մտադիր են ցույց տալ, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, տոնում են ռուս-ադրբեջանական հաղթանակը Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ, ցնծում են Արցախի հայաթափման փաստով, և տոն են կազմակերպում Լաչինում այդ ամենն ի ցույց աշխարհի ներկայացնելու համար։ Հայաստանի, ՀՀ քաղաքացուն սա հիշեցնելու է պարտությունը, մարդկային կորուստներն ու ազգային նվաստացումը։ Այլ կերպ ասած՝ ռուսներն ու ադրբեջանցիները Լաչինում տոն կազմակերպելով, ուզում են ևս մեկ նվաստացնել հայերին, ռուսերեն ու ադրբեջաներեն երգեն, պարեն Բերձորում ու բարձրաձայն ծիծաղեն մեր ազգային ողբերգության վրա ու ծափ տան։

Իսկ Մեղրիում անցկացվելիք մշակութային միջոցառումների մասին առաջարկելով, ռուսները փորձում են ակնարկել, թե ինչպես ռուս-թուրք-ադրբեջանական ուժերով միասին զավթեցին Լաչինն, այնպես էլ շուտով մտադիր են զավթել Մեղրին։ Սա ոչ միայն վրդովվեցուցիչ է, այլև անթաքույց սպառնալիք ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Այսպես ուզում են ցույց տալ, որ ոչ միայն մշակութային, այլև քաղաքական ազդեցություն ունեն ԱՊՀ տարածքում, և առանց նախապես համաձայնեցնելու, իրենք են առաջարկում, թե անկախ երկրների որ քաղաքաներում են ուզում անցկացնել ռուսական տոնական միջոցառումներ։

44-օրյա պատերազմում, ՀՀ-ի դեմ ագրեսաիաների ժամանակ Մոսկվայի ակնհայտ թշնամական կեցվածքի դրսևորումից, Արցախի զավթման ու հայաթափման հարցում ռուսների ակնհայտ մեղսակցությունից հետո ՀՀ-ն պետք է լրջորեն վերանայեր հայ-ռուսական օրակարգը; Այնինչ՝ ՔՊ-ական իշխանությունները շարունակում են նույն կուրսը, կարծես՝ ոչինչ չի եղել։ ՀՀ վարչապետն այցելում է Մոսկվա Պուտինի ծննդյան առիթով։ Իսկ ԱԳ նախարարը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Ու չնայած՝ այս նիստում ՀՀ-ն չմիացավ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ ԱՊՀ երկրների հայտարարություններին, սակայն պատկերը, մեծ հաշվով՝ չփոխվեց, քանի որ Հայաստանը համարժեք դիրքորոշում չի արտահայտել մշակութային մայրաքաղաքների մասին ռուսների նվաստացուցիչ ու սպառնալի առաջարկի վերաբերյալ։ Սա ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունն իրեն համարում է պարտված և ստորացված, նույնիսկ չի համարձակվում համարժեք արձագանքել։ Այնինչ՝ պետք էր պարզապես մերժել ռուսների այս առաջարկն, ինչպես Միրզոյանը մերժել է վերը նշված երկու հայտարարությունները։

ՀՀ պաշտոնյան պետք է աներկբա հայտարարեր, որ ՀՀ ու ՌԴ մշակութային ընկալումները միմյանցից հեռացան, երբ Մոսկվան ՄԱԿ ԱԽ-ում ցուցադրաբար պաշտպանեց Բաքվի ագրեսիան ՀՀ-ի դեմ, երբ ռուսները ՀՀ և Արցախի ղեկավարությանը կապիտուլյացիոն վերջնագրեր էին ներկայացնում։ Պիտի ասեր, որ ՀՀ-ն և ՌԴ-ն ընդհանուր մշակութային հետաքրքրություններ այլևս չունեն։ Եվ ինչպես ՔՊ-ական գործիչները դեմ են Սյունիքով արտատարածքային միջանցք տրամադրելու վերաբերյալ ռուս-ադրբեջանական միասնական պահանջին, այնպես էլ պիտի մերժեն այս առաջարկը, քանի որ այն նույն, բայց քողարկված ակնարկն է պարունակում։ Այս հարցում իր բաժին խոսքը կարող է հավելել նաև ՀՀ ԱԱԾ-ն, կասկած հայտնելով, որ Մեղրիում նման միջոցառումներ անցկացնելը ռիսկային է դիտում՝ ռուս-ադրբեջանական սադրանքների ռիսկ կա, հետևաբար՝ ռուսական առաջարկը մերժելի է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի