Փաշինյանը Ալիևի ռազմատենչ ելույթին ՄԱԿ-ի ամբիոնից հակադրեց իր ֆեյք խաղաղության օրակարգը․ Նաիրա Զոհրաբյան
copy image url

Փաշինյանը Ալիևի ռազմատենչ ելույթին ՄԱԿ-ի ամբիոնից հակադրեց իր ֆեյք խաղաղության օրակարգը․ Նաիրա Զոհրաբյան

Խոսք Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 22:00 24-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ ապագան կառուցելու համար անհրաժեշտ է պոզիտիվ խոսույթներ ձևավորել և կենտրոնանալ դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե ոչ։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեկ լսել է ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի շատ կարճ ելույթը՝ համոզմունք հայտնելով, որ դա ելույթ էր՝ ոչ մի բանի մասին։ Ըստ նրա՝ Փաշինյանը խուսափեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին խուսելուց․

«Ես՝ որպես քաղաքական գործիչ, այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի ամբիոնից բազմաթիվ ղեկավարների ելույթներ եմ լսել, և ՄԱԿ-ի ամբիոնն այն հարթակն է, որտեղ երկրի ղեկավարը պետք է խոսի իր երկրի անվտանգային ռիսկերի մասին, պետք է խոսի իր երկրի գոյաբանական խնդիրների մասին, եթե այդ երկիրը գոյաբանական խնդիրներ ունի, իսկ Հայաստանն այսօր կանգնած է էքզիստենցիալ խնդիրների առջև։

Ինքը խոսում էր իրենց կարգախոսի մասին, «Ապագա կա», այսինքն՝ ինքն իր ֆեյք խաղաղության օրակարգը սարքել է դրոշ, երբ մենք երեկ՝ Միլլի մեջլիսի հերթական գումարման բացման ժամանակ լսեցինք Ալիևի ելույթը, որը սպառնալիք էր Հայաստանին։ Ուղղակի ասվեց՝ «Հայաստանն իր տեղը պետք է իմանա, Հայաստանը չպետք է զինվի, չպետք է բանակ ունենա, իսկ մենք զինվում ենք, մեր ստորաբաժանումները հզորացնում ենք, և Հայաստանը պետք է իմանա, որ մենք ցանկացած ճանապարհով մեր խնդիրները լուծելու ենք»։ Ալիևի այս ելույթին Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հակադրեց ինչ-որ անիմաստ ելույթ՝ դրանում խաղաղություն բառն աջից, ձախից, վերևից, ներքևից, «Ապագա կա»-ն բոլոր հնարավոր հոլովներով հոլովելով, չխոսելով Արցախի ռազմաքաղաքական էլիտայի մասին, Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս ռազմագերիների մասին, չխոսելով բոլոր այն դիակների մասին, որոնք մինչև հիմա գտնվում են Ջերմուկի դիրքերում, չխոսելով Ստեփանակերտի գերեզմանոցի մասին, որտեղ տղաները թաղված են առանց դագաղի՝ հույսով, որ մի օր արտաշիրիմում կարվի ու նրանց մասունքները կտեղափոխվեն Հայաստան, չխոսելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության և Ալիևի խայտառակ ելույթի մասին»,- նշում է նա։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց նաև, որ ՄԱԿ-ի ամբիոնն այն ամբիոնն էր, որտեղ ներկա պետությունները նոյեմբերին մասնակցելու են Բաքվում կայանալիք COP29-ի գագաթաժողվին, և սա բացառիկ հնարավորություն էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դիմեր այդ երկրներին՝ կոչ անելով կասեցնել իրենց մասնակցությունը, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել հայ ռազմագերիներին։ Նա բառեր չի գտնում, թե ինչպիսի ղեկավարը կարող էր չօգտվել այս հնարավորությունից ու այս հարցերը չբարձրաձայնել․ «Գնալ ՄԱԿ-ի համաժողովին ընդառաջ և կոչ չանել միջազգային հանրությանը, որ վերջիններս բարձրացնեն հայ ռազմագերիների հարցը՝ մինչև նոյեմբերի 11-ի համաժողովի մեկնարկը, դա կարող էր անել միայն Հայաստանում այլ երկրի օրակարգ սպասարկող իշխանությունը, այլ ձևակերպում այստեղ չկա, իսկ մնացածը 3․3-5 րոպեանոց ջուր էր, որտեղ ոչինչ չկար, բացի իրենց անիմաստ «Ապագա կա» կարգախոսը՝ բոլոր հնարավոր պոզաներով հոլովելուց։ Իսկ որ այդ «ապագա»-ն, ցավոք սրտի մենք տեսել ենք և ամեն օր շարունակում ենք տեսնել։ «Ապագա կա» - «չկա Հայաստան», սա է իրենց ձևակերպումը»։

Oragir.News-ի հարցին, թե նման հայտարարություններից, ինչպես նաև Նյու Յորքում հեծանիվ վարելուց հետո միջազգային դերակատարները Հայաստանին և Հայաստանի վարչապետին որքանո՞վ են լուրջ վերաբերվում՝ Զոհրաբյանը պատասխանեց, որ միջազգային դերակատարները շատ վաղուց Հայաստանին և Հայաստանի ղեկավարին լուրջ չեն վերաբերվում, ու միայն Ալիևը չէ, որ Նիկոլ Փաշինյանին անվանել է «հարբած ծաղրածու»։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ արդեն շատ երկար ժամանակ է, ինչ Հայաստանի խնդիրները լուծվում են առանց Հայաստանի։

«Հասկանո՞ւմ եք՝ Պուտինը Ալիևի հետ քննարկում է Հայաստանի խնդիրները և պոստֆակտում Հայաստանին տեղեկացնում են, Բորելը կամ Եվրոպական միության ղեկավարները Ադրբեջանի հետ քննարկում են Հայաստանի խնդիրները և պոստֆակտում Հայաստանին տեղեկացնում են։ Այսպիսի ռեժիմ ունենալու արդյունքն այն է, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական սեղանի ոչ թե սուբյեկտ՝ հավասարազոր գործընկեր, այլ դարձել է դեսերտ, ճաշը, որից ով ոնց ուզում է իր պատառը պոկում է ու տանում է։ Սա է մեր իրականությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի