Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը փակել են, շենքը վերածել են հագուստի խանութի
copy image url

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը փակել են, շենքը վերածել են հագուստի խանութի

Ներքին 7 ամիս առաջ - 21:30 18-09-2024
Հայաստանի մշակութային մայրաքաղաքի Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը տևական ժամանակ փակ է։ Մարտի 1-ից վերանորոգման աշխատանքների պատրվակով կինոթատրոնը փակվեց ու այդպես էլ մինչ օրս շարունակում է փակ մնալ, բայց շենքի մի մասը վերածվել է հագուստի խանութի։

«Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի առք ու վաճառքը սկսվել է 2003 թվականից։ Գյումրիի քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառվել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։ 2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր) ավագանու որոշմամբ՝ շենքը վաճառվել է ընդամենը 25 միլիոն դրամով։

Նշենք, որ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը քաղաքի առաջին կինոթատրոնն է, որ կառուցվել է 1926 թվականին ճարտարապետ Ղազարոս Սարգսյանի նախագծով: Շենքը կառուցված էր ռուսական կլասիցիզմի ոճով:

Oragir.News-ը «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրենից հետաքրքրվեց շենքի վերանորոգման աշխատանքներից։



«Այս պահին աշխատանքները անորոշ ժամանակով ձգձգվում են, թույլտվությանն ենք սկսում։ Կինոդահլիճը պահպանվելու է, ոչ մի բան չի փոխվելու»,-հայտարարեց Ներսես Մարգարյանը։

«Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրենը սլաքներն ուղղում է Գյումրիի քաղաքապետարանին։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ հայտարարել է. «Այն նախագիծը, որը ներկայացվել է, քաղաքապետարանի կողմից չի ընդունվել։ Նախագիծը ուղարկվել է լրամշակման»:

Այսինքն` Գասպարյանի խոսքից պարզ է դառնում, որ քաղաքապետարանի պահանջը հետևյալն է, որ շենքը պիտի վերանորոգվի՝ պահպանելով պատմաճարտարապետական դիմագիծը։

Կինոթատրոնի շենքը դարձյալ պիտի ծառայի նույն նպատակին, այսինքն՝ լինելու են կինոդահլիճներ, ինչպես դա եղել է 20-ական թվականներից։

Խոսակցություններ են շրջանառվում, որ շենքի սեփականատեր Արման Սահակյանը որոշել է զվարճությունների կենտրոն բացել։



Արման Սահակյանը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել շրջանառվող խոսակցությունները։