Անատամ ու կատաղած Սու-30 կործանիչները կարող են պիտանի դառնալ  
copy image url

Անատամ ու կատաղած Սու-30 կործանիչները կարող են պիտանի դառնալ  

Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:00 16-09-2024
Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հնդկաստանի Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինություններում գտնվող Սու-30 կործանիչներն արդիացնելու համար։ Թեև ՀՀ պաշտոնական աղբյուրներում այս մասին տեղեկատվություն չկա, սակայն Hindustan Times թերթում հրապարակում է եղել, որտեղ նշվել է, որ այս թեմայով բանակցություն է ընթանում։ Ինչո՞ւ են հնդիկներն արդիացնում ռուսական արտադրության ինքնաթիռները։

Հիշենք՝ ՀՀ-ն Սու 30 ռուսական 4 հատ ինքնաթիռ ձեռք բերեց 2019-ին։ Դրանք մասնակցեցին 2020-ի սեպտեմբերի 21-ի տոնական շքերթին, բայց 44-օրյա պատերազմին չմասնակցեցին։ Հետո պարզվեց, որ դրանք զինաթմերք՝ հրթիռներ չունեն։ Այսինքն՝ այդ թանկարժեք ինքնաթիռները մարտական առումով անպիտան էին։ Դրանք միայն շքերթներում կատաղություն ցուցադրելու համար էին, ինչպես Իսկանդերը, որը շքերթների ժամանակ ցուցադրվում էր, բայց 44-օրյայի ժամանակ ռուսական պահեստից դուրս չեկավ։

2019-ի դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկա գտնվեց Սու 30-ների փորձնական թռիչքին, նկարվեց ինքնաթիռի կողքին, նստեց օդաչուի խցիկում, ուրախացավ, ինչպես ուրախանում է փոքրիկ երեխան, որին պապիկը տարել է «Հաղթանակ» զբոսայգի ու նկարել այնտեղ դրված ինքնաթիռի ֆոնին։ Սու-երի գնումը համարվեց տարվա ամենամեծ ձեռքբերումը։

Դրանից հետո ժողովրդին ներկայացնում էին, թե բանակի համար ամեն ինչ կարող են բերել։ Վստահեցնում էին, որ ՀՀ բանակը պատրաստ է պատերազմին։ Իսկ նախարար Դավիթ Տոնոյանը Ադրբեջանից ու Մոսկվայից հնչող պահանջներին ու սպառնալիքներին պատասխանում էր «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։

Հետագայում՝ պարտությանն առնչվող անվերջ հարցերին պատասխանելիս, պարտության գլխավոր մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանը 2021-ի մարտի 21-ին անդրադարձավ մարտական թռիչք չկատարած ինքնաթիռների վերաբերյալ հարցին, նշելով, որ դրանք չեն մասնակցել պատերազմին, քանի որ զինամթերք, մասնավորապես՝ հրթիռներ չեն ունեցել։ Այդ ժամանակ մարդկանց համար պարզ դարձավ, որ Հայաստանը ոչ թե մարտական ինքնաթիռ է գնել, այլ խաղալիք։ Եվ դրանք գնել է ոչ թե պաշտպանության, անվտանգության, այլ շքերթի համար։ Այսինքն՝ Սու 30-ների ու Իսկանդերի գնումները մարտական նշանակություն չունեին։

Եվ հիմա Հայաստանը ուզում է արդիացնել անպիտան Սու 30-ները։ Ենթադրվում է, որ առաջին հերթին կհամալրվեն հրթիռներով և անհրաժեշտ զինամթերքով։ Այս հարցում գործընկեր է ընտրվել հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունը, որը Սու-30 բազմաթիրախային կործանիչներ է արտադրում ռուսական արտոնագրով։ Այս պահին Հնդկաստանի օդուժում այդպիսի 270 կործանիչ կա, ներառյալ Ռուսաստանից գնվածները։ Այսինքն՝ հնդիկ մասնագետները, ենթադրաբար՝ կարող են անհրաժեշտ զինամթերքով համալրել ռուսական անպիտան ինքնաթիռները, դրանք դարձնելով ռազմական գործողություններում կիրառելի միավորներ։ Իսկ ՀՀ-ն, եթե ուզենա, կարող է օգտվել հնդիկների ծառայություններից, ինչի դիմաց կարող է ունենալ մարտական ինքնաթիռ, ոչ թե շքերթային տիկնիկ։

Հետադարձ հայացքով դատելիս, կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը մսխել է հարկատուների միջոցները 2019-ին, գնելով ինքնաթիռներ՝ առանց զենքի։ Իսկ արդիացնելու նախաձեռնությունը հավելյալ վկայում է, որ Հայաստանը ևս լրջորեն պատրաստվում է պատերազմի։

Ինչպես 44-օրյայի ժամանակ, նույնպես հնարավոր նոր պատերազմում ՀՀ-ի դեմ ագրեսիայի հիմնական շահառուներն են Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Օրերս ՀՀ պաշտպանության նախարարի Չինաստան այցի իրական նպատակը այս երկիրը Հայաստանի դեմ պատերազմի շահառուների ցանկից հանելն էր։ Առայժմ չկա վստահություն, որ Պեկինը կհրաժարվի տարածրջանային հավակնություններից, քանի որ տարածաշրջանով անցնելիք ճանապարները աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեն այս երկրի համար։

Նկատենք, որ թե՛ հնդիկ մասնագետների կողմից ինքնաթիռների արդիացնելը, թե՛ չինացիներին չեզոքացնելու պապիկյանական փորձերը ուշացած են, քանի որ, ըստ կանխատեսումների՝ պատերազմը սկսվելու է մի քանի շաբաթից։ Լավագույն դեպքում՝ ՔՊ-ական բանակցությունները չեն հասցնի արդյունք տալ և ազդել ենթադրյալ պատերազմի ընթացքի վրա։

Այս առումով՝ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստեղծել ռիսկեր ՀՀ պաշտպանության և անվտանգության համար։ Եվ նույնիսկ՝ եթե Սու-30-ները արդիացվեն ողջամիտ ժամկետներում, ապա դրանք չեն հասցնի ներգրավել հնարավոր պատերազմում ու էական արդյունք ապահովել։ Ուստի՝ Փաշինյանի նշված ուշացումը կարող ենք դիտել ոչ միայն կատաղության քայլ, այլև հակապետական գործողության հերթական ապացույց։

Թաթուլ Մկրտչյան