Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը Արցախի շրջափակման ամիսներին խոչընդոտել է տեղում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը, որը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար։ Այս մասին նշվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի ծավալուն զեկույցում։
Հաղորդվում է, որ Ալիևի ռեժիմին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները, ներառյալ՝ չեզոքությունը, անկողմնակալությունը, փոխարենը հետևել է ավտորիտար կառավարության քաղաքական գծին՝ կրկնելով Ալիևի վարչակազմի խոսույթը։
«Զրկանքները, որոնց շրջափակման ընթացքում բախվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչները, այն ժամանակ լուսաբանվում էին տեղական և միջազգային զանգվածային լրատվամիջոցների կողմից, սակայն շատ ավելի քիչ էին տեղեկությունները այն մարտահրավերների մասին, որոնց բախվում էին մարդասիրական աշխատողները, ովքեր փորձում են օգնել մարդկանց», - նկատում է հոդվածի հեղինակը՝ շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքը:
Վերջինս հիշեցրել է, որ Հաագայի դատարանը դեռևս 2023-ի փետրվարին Բաքվին պարտավորեցրել էր ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ վերջինս շարունակել է լրջորեն սահմանափակել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։
«Յուրաքանչյուր հաջորդ ավտոշարասյան հետ ամեն ինչ ավելի ու ավելի բարդ էր։ Ադրբեջանական կողմը մեզ վրա ճնշում էր գործադրում` սկսած տեղում մանր խնդիրներից, այդ թվում՝ տեղաշարժի արգելք, մինչև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ստեղծած լուրջ խնդիրները», - ասել է ԿԽՄԿ-ի նախկին աշխատակիցը, որն ուղղակիորեն մասնակցել է տեղում կազմակերպության աշխատանքներին։
Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվի հարուցած լոգիստիկ, բյուրոկրատական խնդիրները, աննշան դետալների շուրջ կուլիսային վեճերը և տեղաշարժի ուղիղ արգելքներն անհնարին են դարձրել աշխատանքը:
Հոդվածի հեղինակը գրում է, որ մարդասիրական կազմակերպության գործունեությունը խոչընդոտելուն անմիջականորեն մասնակցել է ադրբեջանական Կարմիր մահիկը, որը հրապարակավ ընդդիմացել է այդ տարածքում ԿԽՄԿ-ի առաքելությանը, թեև ի պաշտոնե պարտավոր էր հետևել Կարմիր Խաչի չեզոքության, անաչառության սկզբունքներին, պարբերաբար կրկնել է պաշտոնական Բաքվի հայտարարություններն ու պահանջները, հրապարակավ կասկածի տակ դրել Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքները՝ մարտահրավեր նետելով հակամարտության գոտիներում մասնագիտացած, աշխարհում իր անաչառությամբ հայտնի ԿԽՄԿ-ի հեղինակությանը։
Լրագրողը բազմաթիվ դրվագներ է թվարկել, որոնք փաստում են, որ ադրբեջանական Կարմիր մահիկն ամուր թելերով կապված է Ալիևի ավտորիտար ռեժիմի հետ։
ԿԽՄԿ-ն OCCRP-ի հարցումներին պատասխան նամակում ձեռնպահ է մնացել Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատությունից, ընդգծելով միայն, որ կառույցի հանձնառությունն է հասնել «խոցելի մարդկանց»՝ իշխանությունների հետ համագործակցության միջոցով։ «Տարիների պրակտիկան մեզ ցույց է տվել, որ սա մեր աշխատանքն իրականացնելու ամենաարդյունավետ միջոցն է», - շեշտել է ԿԽՄԿ-ն։
Կազմակերպությունն ուղիղ չի պատասխանել՝ արդյո՞ք ոտնահարել է Կարմիր Խաչի միջազգային սկզբունքները ադրբեջանական Կարմիր մահիկը, որի ղեկավարը, օրինակ, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից և հայերի բռնի տեղահանությունից հետո էլ հրապարակավ փառաբանել է Ալիևին այդ գործողությունների համար և աջակցել պատերազմին:
Նովրուզ Ալանովը, մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ արյունալի ռազմական գործողություններից մեկ օր անց, X-ում Ալիևի լուսանկարով կեղծ գրքի շապիկ էր հրապարակել, այն վերնագրելով՝ «Ինչպես գրել պատմություն 24 ժամում», իսկ հաջորդ օրն արդեն Լեռնային Ղարաբաղում Կարմիր մահիկի ավտոշարասյան լուսանկարով կիսվել, գրելով՝ «Մեր պատվավոր առաքելությունն ավարտված է»։