Փաշինյանական անասնապահության ֆենոմենը․ ոչխարները և ՀՀ կառավարությունը
copy image url

Փաշինյանական անասնապահության ֆենոմենը․ ոչխարները և ՀՀ կառավարությունը

Ներքին Միտք 7 ամիս առաջ - 14:00 23-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր պատերազմի վտանգի առաջ։ Ադրբեջանը պատերազմ սանձազերծելու իր մտադրությունն առանձնապես չի էլ թաքցնում, ավելին՝ վերջին շրջանում նկատելիորեն կոշտացրել է իր հռետորաբանությունը՝ պարբերաբար Հայաստանին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու, ինչպես նաև իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, ինչը փաստում է, որ Ալիևի ռեժիմն իր առաջիկա հարձակման համար քարոզչական հիմքեր է նախապատրաստում։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույնպես շատ լավ գիտակցում է, որ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու գնով խաղաղություն հաստատելու քաղաքականությունը տապալվել է, և Բաքուն մտադիր է նոր էսկալացիայի գնալ։ Այս կապակցությամբ դեռևս հունիսին՝ Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը հանձնելուց հետո, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը վիժեցնելու և նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի գագաթաժողովից հետո պատերազմ սանձազերծելու համար։

Գաղտնիք չէ, որ Ալիևի ախորժակը մեծացել է, և վերջինս Նիկոլ Փաշինյանի վարած զիջողական քաղաքականության հետևանքով այլլևս չի բավարարվում Արցախի բռնազավթմամբ ու հավակնություններ է դրսևորում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ այն պաշտոնապես անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։

Ընթերցողին մոտ հարց կառաջանա, թե աշխարհի այլ երկրներում, որոնք նույնպես կանգնած են պատերազմի վտանգի առաջ և սպասվող պատերազմից դեռ մի քանի ամիս առաջ տեղյակ են այդ մասին, ինչ քայլեր են ձեռնարկում տվյալ երկրների իշխանությունները՝ պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու, թշնամուն պատշաճ դիմադրություն ցուցաբերելու և հաղթելու, անհնարինության դեպքում՝ իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար։

Ենթադրվում է, որ նման իրավիճակում պետական բոլոր գերատեսչությունները պետք է իրենց ջանքերը մեկտեղեն՝ հնարավոր աղետը կանխելու համար։ Բացի այդ, այդ իրավիճակում չափազանց մեծ է տվյալ երկրի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների դերը, որոնցից առաջինը պետք է թշնամուն դիվանագիտական դաշտում հակազդի և թույլ չտա, որ վերջինս պատերազմ սանձազերծելու համար միջազգային ու տարածաշրջանային առանցքային դերակատարներից կանաչ լույս ստանա, իսկ երկրորդը հնարավոր և անհնար բոլոր ճանապարհներով բարձրացնի զինված ուժերի մարտունակությունը՝ թշնամուն գետնի վրա զսպելու համար։

Ասվածը բնականաբար վերաբերում է այն երկրներին, որոնք կոմպետենտ իշխանություններ ունեն, և վերջիններս կա՛մ առհասարակ թույլ չեն տալիս, որ իրենց երկրները նման իրավիճակում հայտնվեն, կա՛մ, իրավիճակին ադեկվատ արձագանքելով, չեզոքացնում են պատերազմի վտանգը։ Հայաստանի իշխանությունների պարագայում նման մոտեցում ակնկալելը պարզապես զավեշտի ժանրից է՝ նախևառաջ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոններում քաղաքական նշանակումներ է կատարել՝ դրանք վստահելով ոչ թե կադրային դիվանագետներին ու զինվորականներին, այլ սեփական թիմակիցներին։

Նախօրեին Հայաստանի կառավարության նիստն աչքի ընկավ այն հանգամանքով, որ երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների ու Ադրբեջանի կողմից սպասվող նոր ագրեսիայի ֆոնին Նիկոլ Փաշինյանը՝ լայն ժպիտը դեմքին, իր արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ միասին քննարկում էր Հայաստանում անասնաբուծության զարգաման հեռանկարները։ Մասնավորապես արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որի գլխավոր առաքելությունն այս օրերին պետք է լիներ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող պատերազմի չեզոքացումը, Նիկոլ Փաշինյանին առաջարկեց խոշոր եղջերավոր կենդանիների սորտերն ընտրելիս հաշվի առնել մեր երկրի բնակլիմայական պայմանները, այնուհետև, կառավարության ղեկավարին հակադարձելով, ասաց, որ ԱԳՆ-ն կարող է զբաղվել այդ խնդրով, Փաշինյանն էլ՝ Միրզոյանին հորդորեց իր գործով զբաղվել։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարման տոտալ ճգնաժամ է ստեղծվել, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի կարող և ունակ չէ հաղթահարել, այլ նաև վերջինս իր ոչ կոմպետենտ քայլերով ու գործողություններով ավելի է խորացնում այն։ Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, որ պետության կառավարության նիստի ընթացքում քննարկվում է նաև անասնաբուծության զարգացման հարցը, սակայն խիստ մտահոգիչ է, որ դրան այդ թեմայում առավել ակտիվորեն ներգրավված էին Արարատ Միրզոյանն ու Պապիկյանը, որոնք, առնվազն այս պահին, հաստատապես այլ՝ ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու։

Կարծում ենք, որ եթե որևէ օտարերկրացի՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակին տեղյակ չլինելով, որոշեր Նիկոլ Փաշինյանի կառավարության երեկվա նիստը դիտեր, ապա վերջինիս մոտ տպավորություն կստեղծվեր, որ վարչապետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները երկրում առկա բոլոր խնդիրները լուծել են, պատերազմի վտանգը չեզոքացրել են, և այժմ էլ ջանք ու եռանդ չեն խնայում անասնապահության զարգացման համար։ Իրավիճակը զավաշտալի չէր լինի, եթե Հայաստանի Հանրապետությունը ներկայումս պատերազմից 5 պակաս իրավիճակում չլիներ, որի պայմաններում կառավարման ճգնաժամը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։

Մյուս կողմից Հայաստանի իշխանությունների այս գործելակերպը լիովին հասկանալի է և տրամաբանական, քանի որ վերջիններս իրենց վարած քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետությունը բանակցությունների սուբյեկտից վերածել են օբյեկտի, բանակցությունները տեղի են ունենում ոչ թե մեր երկրի հետ, այլ մեր երկրի շուրջ, ուստի նրանք արտաքին հարաբերություններում այլևս անելիք չունեն ու փորձում են զբաղվել ներհայաստանյան խնդիրներով։

Ինչ վերաբերում է անասնապահության՝ տվյալ դեպքում ոչխարաբուծության զարգացմանը, որը զարգացումը նույնպես պակաս կարևոր խնդիր չէ, ապա դրա համար նախևառաջ անհրաժեշտ է վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ամիսներ անց լուծարվեց ու չնայած բազմաթիվ քննադատություններին, գործող կառավարությունն այդպես էլ չվերաբացեց այն։

Լավատեսորեն չենք բացառում, որ եթե Հայաստանում 2019-ին Գյուղատնտեսության նախարարությունը չլուծարվեր, ապա Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը ստիպված չէին լինի զբաղվել ոչխարաբուծության զարգացմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը անվտանգային նման բարդ իրավիճակում չէր հայտնվի ․․․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված