Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժանգոտ կողպեքները, բնական է, որ բաժին են հասել ԱԺ-ին, Պաշտպանության նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին: Սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ԱԺ-ն է, որտեղ ամենակոպիտ ձեւով ոտնահարվել են լրագրողների իրավունքները, լրագրողներին ուղղակի քարշ տալով դուրս են հանել իրենց համար նախատեսված օթյակից, չհաշված այն, որ սահմանափակված է նրանց շարժը դեպի իշխանական իշխանական պատգամավորների աշխատասենյակներ, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ԱԺ մտնելիս ամբողջ շենքը եւ այգին լցվում է հատուկ զինված ջոկատայիններով: Ինչ վերաբերվում է իբրեւ փակ կառույց եւ ժանգոտ կողպեքի արժանացած Պաշտպանության նախարարությանը, ցավոք, Արծրուն Հովհաննիսյանի #հաղթումԵնք հաշթեգով ստի հաղթարշավի պատճառով այս գերատեսչությունից տարածված ցանկացած տեղեկատվություն վաղուց հավատ չի ներշնչում: Դաժան է, բայց մարդիկ մեր հայրենիքի սահմանային խնդիրների ու հողերի՝ թշնամուն զիջելու վերաբերյալ տարբեր նորությունների մասին ավելի շուտ տեղեկանում են սոցցանցերից, տարբեր թելեգրամյան ալիքներից ու անգամ թշնամական աղբյուրներից, հետո միայն ՊՆ լրատվականից, այն էլ՝ մի քանի անգամ հերքվել-հաստատվելուց հետո: Ի վերջո լուրջ մտավոր կարողություններ ունեցող ո՞ր անհատը կարող է պաշտոնական աստառով քարոզչությանը վստահել: Կարճ ասած՝ Նացիստական Գերմանիայում գործող քարոզչության կոմիտեի դափնիներին հավակնող Արծրուն Հովհաննիսյանն ամեն ինչ ավերել է, թեեւ վերջերս հպարտորեն հարցազրույցներ էր տալիս լրագրողներին «Հարություն Շմավոնյան» մրցանակ ստանալուց հետո՝ իբրեւ մեծն ռազմական տարեգիր: Ժանգոտ կողպեք ստացած Երեւանի քաղաքապետարանը եւս չի փայլում լրագրողների հետ համագործակցությամբ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, որ ժամանակին ընդդիմադիր լրագրող էր եւ կարող էր իրեն թույլ տալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «գազային» համաձայնագրի քվեարկության ժամանակ բողոքի ակցիա իրականացնել անմիջապես ԱԺ դահլիճում, որտեղից որեւէ մեկն իրեն եւ գործընկերներին դուրս չհրավիրեց, այժմ, տնավորված եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստացող պաշտոնյա է: Լրագրողներին տրվող մեկնաբանություններում նա մշտապես անհաջող ձեւով «սվաղում» է իշխանությունների եւ մասնավորապես իր շեֆի պատճառով առաջացած խնդիրները, արդարացնում նրանց բոլոր քայլերը: Օրինակ, օրերս սառնասրտորեն արդարացրել էր անչափահաս երեխաների առաջ հորը ստորացրած ոստիկաններին՝ նրանց արաքը որակելով իրավաչափ: Ինքն իրավունք ունի՝ այլեւս ընդդիմադիր լրագրող չէ, իր նոր տունը չեն քանդում իբրեւ ինքնակամ կառույց, իր անչափահաս երեխաներին չեն ահամբեկում: Ծերուկ Մարքսը մի բան գիտեր, որ ասում էր՝ կեցությունն է որոշում գիտակցությունը: Այ, արծրունիզմը դեռ ոչ ոք չի պատշաճ չի ձեւակերպել…
Արեգ Արեւյան