Ուկրաինան վերջին 24 ժամվա ընթացքում խորտակել է ռուսական սուզանավ և հարվածել ռուսական օդանավակայանին՝ ռուսական թիրախների դեմ հեռահար հարձակումների ալիքին համահունչ: Հաղորդում է
«Ամերիկայի ձայնը»։
Հուլիսից ի վեր հարձակումների աճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ուկրաինան ճնշում է դաշնակիցների վրա՝ թույլ տալու նրան օգտագործել հեռահար հրթիռներ Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար: Արևմտյան դաշնակիցները, մասնավորապես ԱՄՆ-ը, մինչ այժմ դիմադրել են՝ վախենալով Մոսկվայի կողմից էսկալացիայից:
Ուկրաինան խոցել է ռուսական «Կիլո» դասի սուզանավը և «С-400» զենիթահրթիռային համալիրը Մոսկվայի կողմից օկուպացված Ղրիմի թերակղզում, ասվում է Գլխավոր շտաբի շաբաթ օրվա հայտարարության մեջ։ ՀՕՊ համակարգը տեղակայվել էր Կերչի նեղուցի կամուրջը պաշտպանելու համար, որը կարևոր նյութատեխնիկական և տրանսպորտային հանգույց է, որով անցնում են ռուսական ուժերի մատակարարվումները:
Հրթիռային ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև ռազմածովային ուժերը խոցել են «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգի չորս արձակման կայաններ, մինչդեռ Սևաստոպոլի նավահանգստում հարձակման է ենթարկվել և խորտակվել «Դոնի Ռոստովը»՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի սուզանավը, ասված է հայտարարության մեջ։
Գլխավոր շտաբը նաև հաստատել է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռոստովի մարզում գտնվող Մորոզովսկի օդանավակայանին՝ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից հետո: Հարվածներ են գրանցվել զինամթերքով պահեստներում, որտեղ պահվում էին կառավարվող օդային ռումբեր։ Գործողությունն իրականացրել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, հետախուզության գլխավոր վարչությունը և պաշտպանության նախարարությունը, ասվում է հաղորդագրությունում։
Մինչդեռ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ կիրակի վաղ առավոտյան Շեբեկինո քաղաքի բնակելի շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից մի կին է զոհվել։ Նա ասել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը վնասել են նաև քաղաքի մի քանի այլ շենքեր։ Գլադկովն նաև ասել է, որ նախորդ օրվանից ուկրաինական հրետակոծությունների և տասնյակ անօդաչու սարքերի հարվածների հետևանքով ութ խաղաղ բնակիչ է վիրավորվել տարածաշրջանում։