Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ որքան շատ հեռահար զենք ունենա Ուկրաինան, այնքան մեծ պետք է լինի «սանիտարական գոտին»։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Պեսկովը պարզաբանել է, որ իրենց հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ուկրաինացի զինվորականներն այդ զենքերով դիպչեն Ռուսաստանի քաղաքացիներին։
«Ուկրաինայում «սանիտարական գոտու» շառավիղը կախված կլինի ուկրաինական զենքի հեռահարությունից, որքան բարձր լինեն Ուկրաինայում զենքի մարտավարա-տեխնիկական բնութագրերը, այնքան այդ հեռավորությունը պետք է մեծ լինի։ Հիմնական նպատակը պարզ է՝ թույլ չտալ, որ այդ զենքով նրանք հասնեն Ռուսաստանի քաղաքացիներին»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի տարածքում «սանիտարական գոտու» ստեղծման հարցը՝ ռուսական շրջանների վրա հարձակումների շարունակման դեպքում։ Պուտինը միևնույն ժամանակ հայտնել էր, «սանիտարական գոտու» ստեղծման հարցը երկար ժամանակ կպահանջի։