Ուկրաինայի Զինված ուժերը Կավկազ նավահանգստում հարձակվել են լաստանավի վրա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
«Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում կրկին ահաբեկչական հարձակման փորձ է կատարել այսօր առավոտյան Կավկազի նավահանգստում անօդաչու թռչող սարքը հարվածել է լաստանավին ցավոք սրտի, անձնակազմի և նավահանգստի աշխատակիցների շրջանում կան վիրավորներ և զոհվածներ», - գրել է նա։
Օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել։ Նրանք բոլորը ՌԴ քաղաքացիներ են։
Նահանգապետը նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով տեղի է ունեցել հրդեհ, և կրակի տարածման վտանգ չկա։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
Բռնակցված Ղրիմում Կրեմլի կողմից նշանակված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն էլ ասել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել 15 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Կերչի նեղուցով անցնող կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Գրում է
DW-ն։
Կիևը չի մեկնաբանել սա։ Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նշել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ռուսական 8 անօդաչու թռչող սարքերից 7-ը, որոնք գրոհել են Սումին, ինչպես նաև չեզոքացրել են Kh-69 կառավարվող թևավոր հրթիռը։